Բրյուսելում Փաշինյանին չեն հավատում

Նախօրեին մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Բրյուսելում նա հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ, հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Բացի այդ, տեղի է ունեցել աշխատանքային ճաշ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ:

Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Նույն օրը երեկոյան Ս․ Սարգսյանը մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ:

Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը, բնականաբար, մտահոգել է գործող իշխանություններին։ Երկրից բացակայելու քայլը Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը համաձայնեցրել է դատարանի հետ, այսինքն՝ լայն իմաստով, այդ որոշումը կայացվել է իշխանության կողմից։ Իսկ այդ քայլին իշխանությունը գնացել է, քանի որ հակառակ դեպքում՝ Ս․ Սարգսյանի մեկնումը արգելելու պարագայում, աղմուկը շատ մեծ կլիներ և նույն իշխանության համար դա կարող էր ավելի բացասական հետևանքներ ունենալ։

Հիշեցնենք, որ սա Ս․ Սարգսյանի երկրորդ եվրոպական գործուղումն է իշխանափոխությունից հետո։

Նրա այս այցերը վկայում են, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների առումով Երրորդ նախագահը հեղափոխությունից հետո ոչ միայն չի կորցրել դիրքերը, այլև, ըստ էության, ավելի է ամրացրել դրանք։ Այս այցերն ու եվրոպական քաղաքական էլիտայի հետ շփումները վկայում են մեկ այլ իրողության մասին ևս․ եվրոպական քաղաքական շրջանակներում շատ լավ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և պարունակում է ակնհայտ քաղաքական տարրեր, ու նրա հետ բարձր մակարդակի հանդիպումներով եվրոպացիները ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքն այդ քրեական հետապնդման նկատմամբ։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Բրյուսելում իրականում կայացել են շատ ավելի մեծ թվով հանդիպումներ, քան լուսաբանվել է մամուլում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպական ազդեցիկ մի քանի գործիչների հետ այդ փակ հանդիպումների ընթացքում ևս քննարկվել է ներքին ու արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային խնդիրներ և մարտահրավերներ, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլ, 2017թ. ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգների հետ կապված հարցեր։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի եվրոպական այցերը ցույց են տալիս, որ Եվրոպայում շատ լավ են հասկանում ու գիտակցում Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականության սնանկությունն ու անհեռանկարայնությունը, և արտաքին ու անվտանգային կարևոր հարցերի հետ կապված՝ նրանք շարունակում են համագործակցել Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հետ։

Հետաքրքիր է, թե ինչպիսի դրսևորում կունենա այս այցերի արդյունքում ավելացող քաղաքական կապիտալն առաջիկա ներքաղաքական զարգացումներում։

Տեսանյութեր

Լրահոս