«Ժողովուրդը խաբա՞ր է՝ մետրոյի կայարաններում «տռճիկ» տալու համար 2,5  միլիոն փող են տվել բյուջեից». Գևորգ Պետրոսյանը՝ պարգևավճարների մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առհասարակ պարգևավճարներին լավ է վերաբերվում, սակայն գտնում է՝ պարգևավճարի  ինստիտուտը չպետք է խեղեն:

«Պարգևավճարը ոչ թե արված գործի դիմաց տրվող հատուցումն է, այլ տրվում է աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, սահմանված նորմաները գերակատարելու համար: Մենք այն կարծիքին ենք, որ՝ այո՛, պետք է պարգևավճար լինի, քանի որ ցանկացած բարեխղճորեն կատարվող աշխատանք պետք է խրախուսվի, բայց ո՞վ է ասում՝ եթե մի նախարար պարգևատրվել է, մյուս 12 նախարարն էլ պետք է պարգևատրվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող բարձր պարգևավճարներին:

Հարցին՝ գուցե մյուս նախարարներին ևս պարգևավճար են տալիս, որպեսզի չնեղանա՞ն, Գևորգ Պետրոսյանը կատակեց. «Նեղանալն իրավական կատեգորիա չէ, ո՞վ է ասել, որ եթե պարգևատրում են որևէ հիմնարկի ինժեների, պետք է բոլոր ինժեներները պարգևատրվեն: Հիմա մենք էլ ենք պարգևատրվում, եթե մեզ հարցնեն, թե ինչի՞ համար եք պարգևատրվում՝ մենք հատ առ հատ ցույց կտանք, թե պարտականությունները ինչ մակարդակով են կատարում: Բայց եթե ինչ-որ նախարարի պարգևատրում են, որ չնեղանա, սա արդեն պետական բյուջեի ոչ տնտեսվար օգտագործում է»:
Գևորգ Պետրոսյանի բնորոշմամբ՝ գերատեսչությունները չպետք է «ձեռքները ծալեն ու նստեն»՝ սպասելով, թե երբ են իրենց պարգևավճար տալու:

Պատգամավորը հարց ուղղեց, թե վերջին անգամ ե՞րբ ենք լսել սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մասին, պարզվում է՝ վերջինս 7 ամսվա մեջ 82 մլն դրամ պարգևավճար է ստացել, սա՝ դեռ այն դեպքում, երբ տարեկան արդյունք էլ չեն ամփոփել:
«Թող գան հատ-հատ բացատրեն, թե ինչու են ստացել պարգևավճարը, այսօր Հայաստան-սփյուռք հարաբերությունները մի՞թե գտնվում են մեզ համար ցանկալի բարձր կետին, ընդհակառակը՝ Սփյուռքի նախարարությունը լուծարելով՝ մենք մեր հարգարժան սփյուռքահայերին, կարելի է ասել, նեղացրեցինք: Նախարարությունը փակեցինք, բերեցինք ինչ-որ գրասենյակ, որի աշխատակիցներին, երդվում եմ՝ այստեղ որևէ մեկը չի ճանաչում, բայց մարդիկ պարգևատրվում են: Երբ ասում են՝ ժողովրդից թալանածը՝ ժողովրդին, ուրեմն ժողովուրդն իրավունք և հնարավորություն պետք է ունենա վերահսկել պետական բյուջեի ծախսերը: Ժողովուրդը չի երաշխավորել, որ սեռաշեղվածների համար գնան պետական բյուջեից գումար տրամադրեն կամ մետրոյի կայարաններում մեյմունություն անելու, «տռճիկ» տալու համար 2,5  միլիոն փող տան. ժողովուրդն այս ամենից խաբա՞ր է»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս