«Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի»  գործով հերթական դատական նիստը չկայացավ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հետաձգվեց ,Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի»  գործով 5-րդ դատական նիստը:

Դատական նիստին ներկա չէր ամբաստանյալ Արմեն Թավադյանը, նրա շահերի  պաշտպան Հովհաննես Խուդոյանը, տուժող Վարդգես Գասպարին, տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և վկաները: Նիստին ներկա էին միայն դատախազը և թարգմանիչը:

Դատարանը Տիգրան Եգորյանից և Հովհաննես Խուդոյանից ստացել էր դիմումներ՝ դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Տիգրան Եգորյանը իր բացակայությունը հիմնավորել էր այսօր մեկ այլ դատական նիստում ամբաստանյալների ներկայացուցիչ լինելու հանգամանքով և միջնորդել էր նիստը տեղափոխել այլ օր:

Հովհաննես Խուդոյանի՝ դատական նիստը այլ օր տեղափոխելու միջնորդության հիմքում դրված էր Արմեն Թավադյանի՝ այսօր բուժզննության տեղափոխվելու հանգամանքը:

Դատարանին որևէ ապացույց ներկայացված չէր Արմեն Թավադյանին դատարան չբերելու վերաբերյալ: Տեղեկացնենք, որ Արմեն Թավադյանի նկատմամբ, մեկ այլ դատական գործի շրջանակներում, կիրառված է խափանման միջոց կալանավորումը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին:

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլբենկյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ և կոպտորեն հասարակական կարգը խախտելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս