«Կառավարության բերած նախագծի նպատակը կախյալ դատավորների ինստիտուտի ստեղծումն է». Տարոն Սիմոնյան

Կառավարության կողմից ներկայացված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մասնագիտական առումով  բավականին թերություններ ունի, ուստի ուրախ եմ, որ նույնիսկ «Իմ քայլի» մեր գործընկերներն են համաձայնել աշխատել նախագծի թերությունների վրա, ուրախ եմ նաև, որ՝ «Մեր հանճարը ձեր բանջարին վնաս չէ»։  Այս մասին այսօր Ազգային ժողովում «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Այս նախագծով գրեթե ոչինչ չի փոխվելու, ավելին՝ բացասական գործընթացներ են սկսվելու, որովհետև եթե մենք նախ խոսում էինք համակարգն առողջացնելու մասին, այդ համակարգը վատ դատավորներից զտելու և դա վեթինգի և անցումային արդարադատության միջոցով անելու մասին, ապա որպես դրա հաջորդ քայլ՝ դիտարկում էինք անկախ դատավորի ինստիտուտի ստեղծումը, որովհետև մեզանից ավելի շատ դատական համակարգի մաքրության մասին երազում են դատավորներն իրենք կամ նրանց մի մասը, քանի որ նրանք չեն կարողանում աշխատել անկարգապահ և օրենք խախտող դատավորների հետ։

Նրանք ամենաշատն էին ցանկանում, որ զտման գործընթաց լինի, սակայն ժամանակը կորցրեցինք, անցած տարի վեթինգի նախագիծ ներկայացրեցինք, բայց այն այդպես էլ ուշադրության չարժանացավ։ Հիմա դուք կարգավորումներ եք առաջարկում, որով դատավորները կախվածություն են ունենալու։  Ձեր բերած նախագծով և այնտեղ առկա իրավական անորոշությամբ ԲԴԽ-ն, Էթիկայի հանձնաժողովը ստանալու են կամայական որոշումներ կայացնելու հնարավորություն, իսկ դրա պատճառով մեր անկախ դատավորները, որոնք ցանկանալու են արդյունավետ արդարադատություն իրականացնել, օր առաջ պետք է հայցեն այդ պետական մարմիններում գտնվող անձանց կամքը, որպեսզի դա իրենց հետագա որոշումներում ամրագրեն»,- ասաց  ԼՀԿ-ական պատգամավորը՝ բերված նախագիծը համարելով կախյալ դատավորների ինստիտուտի ստեղծմանը միտված, որտեղ ամեն ինչ որոշվելու է մեկ քաղաքական ուժի կամքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս