«Չեմ կարծում, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները լուրջ կընդունեն Թուրքիայի ասածները». Հովհաննես Իգիթյանը՝ ՄԽ-ի և Չավուշօղլուի հանդիպման մասին

Երեկ՝ մարտի 2-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հանդիպումից հետո նա թվիթերյան իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով այս հանդիպմանը և դրա հետևանքներին՝ նկատեց՝ սա առաջին հանդիպումը չէր, քանի որ Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ։

«Թուրքիան չի կարող լինել համանախագահող երկիր, որովհետև, եթե մեղմ ասենք, ոչ չեզոք երկիր է։ Շատ դժվար է մեկնաբանել մի հանդիպում, որը լրիվ հակասում է Մինսկի խմբի գործընթացներին։ Այն հայտարարությունը, որն արեց Թուրքիայի արտգործնախարարը, հակասում է այն սկզբունքներին, որոնք տարիներ շարունակ ունի Մինսկի խումբը։ Նա մոռացել է առնվազն երկու սկզբունք՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և, ամենակարևորը, որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Պարզ է, թե ինչու է Թուրքիան մոռանում այս սկզբունքը, որովհետև տարիներ առաջ նրա կողմից հնչեցրած ռազմավարական սկզբունքը՝ զրո խնդիր հարևանների հետ, արդեն բազմիցս խախտվել է իր իսկ կողմից»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։

Ըստ նրա, այսօր Թուրքիան ոչ միայն խնդիրներ ունի իր հարևանների հետ, այլև փորձում է դրանք լուծել ռազմական ճանապարհով, և այժմ այն, ինչ կատարվում է Իդլիբում, ցույց է տալիս, որ Թուրքիան խախտել է աշխարհի խաղաղության պլանը։

«Այս պարագայում չեմ կարծում, որ որևէ երկիր, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լուրջ կընդունեն Թուրքիայի ասածները»,- հավելեց պատգամավորը։
Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Հայաստանը պաշտոնապես որևէ հայտարարություն չպետք է անի, քանի որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գրառումը՝ հանդիպման հետ կապված, ամբողջովին բավարար է։

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել էր. «Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031