Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին որոշում չկայացրեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների լուծումը՝ մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:
Կողմերը դատարանի որոշումը կստանան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Գործով անցնող 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդությունները ներկայացնելիս առաջինը նշում էին Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի որոշակիության/անորոշության հարցը և այն փաստը, որ Քրեական օրենսգրքում 2008թ. մարտին չկար նման հոդված, ու այդ հոդվածը ՔՕ-ում մտցվել է 2009թ. մարտի 18-ին՝ դեպքերից ավելի քան մեկ տարի հետո: Փաստաբանները, այս փաստը հիմքում դնելով, դատարանում հայտարարում էին, որ անձը չի կարող մեղադրվել մի արարքի համար, որն իրականացնելու ժամանակ այն չի քրեականացվել ու դրա համար պատիժ չի նախատեսվել:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:
Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:



