«Տված խոստումների ճնշող մեծամասնությունը և խորքային, արմատական փոփոխությունները չեն կատարվել». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո ունենք միայն մեկ կուսակցությունն այլ կուսակցությամբ փոխարինելու համակարգ: Պապյանի խոսքով՝ մինչև չփոխվի համակարգի «հիմքերի հիմքը»՝ Սահմանադրությունը, ոչինչ չի փոխվի:

«Եթե չափորոշիչը նախկինների հետ համեմատությունն է, բնականաբար, կա առաջընթաց, և բնական է, որ պիտի լինի: Բայց եթե չափորոշիչը տված խոստումներն են, ապա մենք տեսնում ենք, որ տված խոստումների ճնշող մեծամասնությունը և խորքային, արմատական փոփոխությունները չեն կատարվել»,- «Հեղափոխության հռչակման արժեքներն ու իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արա Պապյանը՝ նկատի ունենալով Սահմանադրության փոփոխությունը, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը, Ընտրական օրենսգիրքը, կոռուպցիոն մեխանիզմը:

Արա Պապյանը  Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերը չի ընկալում՝ որպես նրա տված խոստումների կատարման հիմքեր: Վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրինակը, Պապյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման տվել էր 406 խոստում, և ընթացքում գրվում էր, թե որն է արվել, կամ որ խոստումն է ընթացքի մեջ, այլ ոչ թե այն, թե Օբաման իր նախորդ պաշտոնավարած նախագահի հանդեպ ինչքան լավ է արել:

«Նախորդը կապ չունի, ինքն իր ասածների և արածների տերն էր: Հիմա նրանք, ովքեր համարում են իրենց ընդդիմություն, թող կազմեն այդ ցուցակը, թե ինչն է արել, ինչը՝ ոչ, ու այդպես տան գնահատականը»,- ասաց Պապյանը:

Տեսանյութեր

Լրահոս