«Կա դեղատների ներքին որոշում, մենք այդ մասին տեղյակ ենք». ՏՄՊՊՀ նախագահը՝ դեղատներում ախտահանիչ նյութերի վաճառքի սահմանափակման մասին

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո շատերը, բացի դիմակներից, սկսեցին դեղատներից նաև մեծ քանակությամբ ախտահանիչ նյութեր գնել: Քաղաքացիները մեծ մասը նաև խանութներից սննդի մի քանի շաբաթվա պաշար է գնում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի դիտարկմամբ՝ ախտահանիչ նյութերի խնդիրն առաջացել է վերջին 1-2 օրվա ընթացքում, իսկ շաբաթ-կիրակի օրերին մատակարարում չի եղել:

Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ այսօր իրավիճակն այլ է, և դեղատներում կան ախտահանիչ նյութեր:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ՀՀ-ում ախտահանիչ նյութեր արտադրող 3 ընկերություն կա, որոնք այս պահին աշխատում են շուկան ախտահանիչ նյութերի անհրաժեշտ ծավալով ապահովելու համար:

«Որևէ գործարար չէր սպասում, որ ալկոգելի այսքան պահանջարկ կլինի, դրա համար համապատասխան ծավալով չէին աշխատում: Այս պահին շուկայում ախտահանիչ նյութերի խնդիր չկա: Որևէ մեկը գին չի բարձրացրել»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ արտադրողները ՏՄՊՊՀ-ին հաղորդել են, որ գին բարձրացնել չեն պատրաստվում:

Երեկ քաղաքացիները նաև ասում էին, որ դեղատներում յուրաքանչյուր հաճախորդի մեկ ախտահանիչ նյութից ավելին չեն վաճառում: Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նման հրահանգ կա, թե՞ դա դեղատների ներքին քաղաքականությունն է:

«Հրահանգ չի եղել, բայց կա դեղատների ներքին որոշում: Մենք այդ մասին տեղյակ ենք: Դա կապված է բումի հետ, որովհետև մարդիկ ուղղակի գրոհում էին և տոպրակներով դիմակ ու գել էին ուզում»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նաև հորդորում է քաղաքացիներին սուպերմարկետներից ու վաճառքի կետերից մեծ քանակությամբ սնունդ չգնել: Վստահեցնում է՝ որևէ ապրանքի մասին անհանգստանալու կարիք չկա:

Իսկ ինչ վերաբերում է Իրանից բեռների սահմանափակման արդյունքում շուկայում առաջացող հնարավոր խնդիրներին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ Իրանից չկա այնպիսի ծավալով ներկրվող ապրանք, որը շուկայում կարող է դեֆիցիտ առաջացնել, ու դա վերաբերում է նույնիսկ դիզելին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս