«Եթե դա գիտակցաբար են անում, ստորություն է». Կարեն Վրթանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը, թե բանակում մահվան ելքով միջադեպերը, հնարավոր է՝ կապված են զինվորներին վճարվող գումարի ավելացման հետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը համարում է անհիմն: Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե երբ ֆինանսական հոսքերն ավելանում են, սրվում է պայքարը՝ դրանք տնօրինելու համար:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ ավելացված գումարները փոքր են և, ըստ նրա՝ ասել, որ այդ 1500 դրամ ավելացումն ինչ-որ բան է փոխում, իրականում ծիծաղելի է. «Այժմ զինվորներն ունեն բանկային քարտեր, և ավելի շատ ծնողներն են նրանց գումար փոխանցում: Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել նաև քրեական ենթամշակույթի ազդեցությունից. սա կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց այս ենթամշակույթի դեմ պայքարը հողմաղացների դեմ կռիվ է հիշեցնում: Ցանկացած նման խնդիր ունի բազմաթիվ պատճառներ, և այնպես էլ չէ, որ մեկ պատճառը եթե վերացնես, խնդիրը միանգամից կլուծվի: Հիմնական անելիքը, բնականաբար, բանակի ղեկավարությանն է, որովհետև նույնիսկ խնդրի վրա ազդող այն գործոնները, որոնք բանակից դուրս են, պետք է էլի ուսումնասիրվեն բանակում, և համոզիչ հիմնավորումներով տրվեն այլ գերատեսչություններին»:
Նրա խոսքով՝ զանգվածային սպորտի զարգացման լուրջ խնդիր կա Հայաստանում. «Եթե զինվորը թույլ է, իր մոտ անխուսափելիորեն խնդիրներ են լինելու: Խոսքը ներքին «ռազբորկաների» մասին չէ, նաև սթրեսն է ավելի հեշտ տարվում, եթե մարդը գոնե ֆիզիկապես պատրաստ է: Բնականաբար, աշխատանք պետք է լինի կրթական ոլորտում: Հիմնական պատրաստվածությունը պետք է լինի նախազորակոչային տարիքում: Մենք պետք է հասկանանք՝ մենք երկիր ենք, որը գտնվում է շատ անկայուն տարածաշրջանում: Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա անկախ, ինքնուրույն երկիր, ինչքանով դա հնարավոր է ժամանակակից աշխարհում, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»:
Խորհրդարանում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից հետո պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գլոբալ իմաստով, մենք՝ քննարկման մասնակից պատգամավորներս, ևս մեկ անգամ համզովեցինք, որ ցավոք մեր բանակում շարունակում է իշխել նախնադարյան մտածողությունն ու խավարը, որ մեր զինված ուժերը շարունակում են ապրել կիսասովետական՝ գողական, քրեական հոռի բարքերով ու ավանդույթներով»:
Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք՝ գործող իշխանության ներկայացուցիչների և նրանց համակիրների մեծ մասը բանակում չի ծառայել, դրա համա՞ր են նման հայտարարություններ անում, թե՞ բանակում իսկապես վերոնշյալ խնդիրները կան: «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի՝ ասելով՝ սովետական բարքեր և այլն, բայց նա այն քիչ մարդկանցից է, որոնք լավ կլիներ՝ ընդհանրապես չխոսեր ո՛չ բանակից, ո՛չ ծառայությունից, ո՛չ բանակում տիրող բարքերից և այլն. պատճառները բոլորին հայտնի են: Բանակի թեմային անդրադառնալը բացահայտ երեսպաշտություն է իր կողմից: Այդ ձևակերպումները օդից վերցված են, որոնց շուրջ լուրջ քննարկում հնարավոր չէ անել»,- ասաց նա:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց օրեր անց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ բանակում կա ներքնազգեստի խնդիր. «Իրականում, ներքնազգեստը չսկսեցին ավելի հաճախ տալ՝ ինչպես նախկինում տալիս էին, այնպես էլ շարունակեցին տալ: Այսինքն՝ խնդիրը չլուծվեց: Եվ նույն Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս անց Մոսկվայում գործարարների հետ հանդիպման ժամանակ, որպես օրինակ, որ՝ այ, ես հրահանգեցի, բայց հրահանգս չկատարվեց, հենց այդ ներքնազգեստի օրինակը բերեց, ասելով, որ թեև հրահանգել է, բայց խնդիրը չի լուծվել, և ստիպված է իր որդուն էլ ներքնազգեստ ուղարկել: Կարծում եմ, որ դրանից հետո կարելի էր եզրակացություններ անել և բանակի մասին ամպագոռգոռ հայտարարություններ չանել: Բանակը մի ինստիտուտ է, որ, բարեբախտաբար, մեզ մոտ կայացել է, թերություններ, խնդիրներ կան, ինչպես և ցանկացած բարդ համակարգում, բայց այնպես չէ, որ բանակը ստեղծվել է՝ Նիկոլ Փաշինյանի գալով, և վերջանալու է՝ նրա գնալով»:
Բանակի խնդիրներն էմոցիոնալ դաշտ տանելը, ըստ նրա՝ նշանակում է՝ ավելի շատ խնդիրներ ստեղծել. «Եթե դա գիտակցաբար են անում, ստորություն է, իսկ այն մարդիկ, որոնք անգիտակցաբար են անում, չեն հասկանում, որ, այսպես թե այնպես, բարդացնում են ծառայողների գործը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում