«Փաշինյանին ՀՀԿ-ի լոգոյով դրոշ կամ վերնաշապիկ կարելի է նվիրել, որ նրանցից մի քիչ սկզբունքայնություն սովորի գոնե». Նազարյան

ՀՀԿ երիտթևի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանի համոզմամբ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դրսևորի անհրաժեշտ քաղաքական կամք, հայտնվի հասարակության գիտակից հատվածի կողքին և Հանրաքվեի մասին օրենքը չստորագրի այնպես, ինչպես չստորագրեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նազարյանը՝ ընդգծելով, որ, եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է, որ ժողովրդին հանրաքվեի և պլեբիսցիտի միջոցով դիմելու մշակույթն ամրապնդվի, ապա այստեղ առաջանում են մի շարք լրջագույն հարցեր։

«Եթե մենք պետք է անընդհատ դիմենք ժողովրդին, այդ դեպքում. երբ հարկային բեռն ավելացրեցին, ինչո՞ւ այդ ժամանակ չդիմեցին այդ նույն ժողովրդին, ինչո՞ւ նրա կարծիքը չհարցրեցին, կամ սպանդանոցների հարցն ինչո՞ւ հանրաքվեի չդրեցին։ Ստացվում է՝ ժողովրդին առնչվող կենսական հարցերի պարագայում չեն դիմում ժողովրդին։ Գործադիր իշխանությունը բռնությամբ հայտնվել է իրենց ձեռքում, հիմա էլ խնդիր է դրված՝ զավթել դատական իշխանությունը, ուստի պետք է բացահայտել, թե ինչ խնդիր էր դրված եղել ՍԴ-ի առաջ, որը չի բավարարվել»,- ասաց Նազարյանը։

Ըստ Նազարյանի՝ խորքային ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանով անցնող որոշ փաստաթղթեր անհանգստություն են առաջացնում իշխանությունների մոտ, որով պայմանավորված էլ՝ իշխանությունը դիմում է նման քայլերի։

«Տրամաբանությունը մեզ հուշում է, որ Սահմանադրական դատարանը գրավելու հաջորդ քայլը լինելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»,- ասաց Նազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիայից բացի, կա նաև մեկ այլ ծանրակշիռ հարց՝ Ղարաբաղյան կարգավորման հարցը, որի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։

«Օրեր առաջ արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եվրամիության երկրների դեսպանների հետ, այս նախագծի հետ կապված խոսակցություններ են տեղի ունեցել, բնականաբար, նախարարը չի կարողացել համոզել դեսպաններին, սակայն նրանց կողմից չի տրվել խիստ գնահատական։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ խիստ գնահատականները չեն տրվել՝ կարո՞ղ է՝ ղարաբաղյան հարցի հետ կապված որոշակի զիջումներ են պահանջվելու խիստ գնահատականների դիմաց։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել»,- ասաց Նազարյանը։

Դիտարկմանը, որ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, սակայն, Սահմանադրական դատարանի գործող կազմից ազատվելու համար որպես պատճառ է նշել, որ կարող է՝ այդ անդամները կապեր ունենան օտարերկրյա և մեզ ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունների հետ, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է մինչև 2035 թվականը պաշտոնավարեն, Լևոն Նազարյանն ասաց.

«Հովիկ Աղազարյանին խորհուրդ եմ տալիս այցելել հոգևորականի մոտ՝ մեղքերին թողություն տալու համար։ Ընդհանրապես իմքայլական պատգամավորներին կարելի է տրամաբանության և հանրային խոսքի դասընթացներ տալ»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու իշխանության քայլերին՝ Նազարյանը նշեց, որ գործող իշխանությունը գործի է դրել «լավով չեք ուզում հանձնվել, վատով կհանձնվեք» մեխանիզմը, իսկ հանրաքվեի մասին օրենքը վերջնագիր է ոչ միայն՝ ՍԴ նախագահին ու 6 դատավորին, այլ՝ հանրությանը։

«Հանրությանն է նաև վերջնագիր ներկայացվել, իսկ ինչ վերաբերում է ՍԴ նախագահին և դատավորներին, ապա պետք է ասեմ, որ նրանք կարող են ճանաչվել 2019 թվականի թիվ մեկ մարդիկ, որովհետև այն աննախադեպ ճնշումները, որոնց ենթարկվում են նրանք, մեր անկախ պատմության մեջ առաջին անգամ է»,- ասաց նա։

Խոսելով հանրաքվեի մասին օրենքի ընդունման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբացկությունների դիրքորոշումների մասին՝ Նազարյանը նկատեց, որ, թեև Էդմոն Մարուքյանը հանդես եկավ շատ կոշտ ելույթով, սակայն այդ կոշտությունը որևէ քաղաքական դրսևորում չստացավ, թեև կարող էին որպես ընդդիմադիր ուժ՝ նախաձեռնել իրենց պատգամավորների ստորագրությամբ նախագահ Արմեն Սարգսյանին դիմելու գործընթաց, ինչը, սակայն, չարվեց։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահվածքին, ապա Նազարյանը նշեց. «Հասկանալի է, որ կան որոշակի կապեր ԲՀԿ-ի և ՔՊ-ի միջև, սակայն չեմ ցանկանում մտնել մատի և մատանու արանքը»։

Վերջում Լևոն Նազարյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց ամեն անգամ նախկիններին՝ հանրապետականներին քննադատելուց առաջ, գոնե հանրապետականներից օրինակ վերցնի սկզբունքայնության հարցում։

«Կարող ենք Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ի լոգոյով դրոշ կամ վերնաշապիկ նվիրել, որ իր թիմակիցները մի քիչ սկզբունքայնություն սովորեն մեզանից։ Այն պատեհապաշտների բանակը, որը կա նրա կողքին, նրան լավ տեղ չի հասցնելու ու պատուհաս է դառնալու բոլորիս գլխին»,- ասաց Նազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս