Այս 2 տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումներն է տապալել ՍԴ-ն. Էդմոն Մարուքյանը Վահագն Հովակիմյանից 3  կարևոր հարցի պատասխան է պահանջում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և աղմկահարույց օրենքի նախագծի հեղինակ Վագահ Հովակիմյանին խնդրեց պատասխանել երեք հարցի.

«Այսօրվա գործող Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված՝  ցանկանում եմ՝ ասեք, թե այս երկու տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումներն է տապալել Սահմանադրական դատարանը։ Երբ ասում եք, որ քաղաքացիները ցանկանում են, որ ՍԴ կազմը փոխվի, ուզում եմ ասեք, թե այս հարցով քանի՞ հոգի է դիմել ՍԴ և բախվել անարդարության պատի, և,  եթե որոշել եք ՍԴ դատավորներին ուղարկել տուն, ապա ինչո՞ւ դա չեք անում Ազգային ժողովում, այլ ուղարկում եք հանրաքվեի, ՀՀ քաղաքացիներին ուղարկում եք ընտրական տեղամասեր, երկիրը մտցնում եք ընտրական գործընթացների մեջ և նախկին իշխանություններին տալիս եք հնարավորություն վերակենդանանալու։ Պատասխանեք այս երեք հարցերին՝ ինչո՞ւ եք դա ցանկանում անել»,- իր հացրադրումներն իշխանական պատգամավորին ուղղեց Մարուքյանը։

Ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ, երբ խոսում է հանրության շրջանում ՍԴ-ի նկատմամբ վստահության պակասի մասին, ապա նկատի ունի, որ դա  ձևավորվել է տարիներ շարունակ։

Հովակիմյանը նշեց, որ իր այս պատասխանով տվեց նաև երկրորդ հարցի պատասխանը, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են առաջարկում իր նախագիծը դնել համաժողովրդական հանրաքվեի, ապա, ըստ Հովակիմյանի, դա է պահանջում Սահմանադրությունը։

Էդմոն Մարուքյանը Հովակիմյանին հիշեցրեց, որ ունի սահմանադրական իրավունքի մագիստրոսի աստիճան, հետևաբար՝ պետք չէ իրեն հիշեցնել Սահմանադրության դրույթները, և հորդորեց Հովակիմյանին տալ հասցեական պատասխաններ ու կրկնեց իր հարցադրումները, որոնց վերաբերյալ, սակայն, դարձյալ չստացավ հասցեական պատասխաններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս