«Սա՛ է «նիկոլյան» արդարադատությունը, սա՛ է ամենասարսափելին, որը սկսվում է Հայաստանում». Վոլոդյա Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29-ին դատարանը բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի նկատմամբ 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Կալանքի որոշում կայացվեց նաև ձերբակալված երկրորդ ակտիվիստ Սարգիս Օհանջանյանի մասով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի միջև: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը քայլել են դատավոր Աննա Դանիբեկյանի հետ` նրան ուղղելով տարբեր հարցադրումներ:
Դատավորը հրաժարվել է պատասխանել Նարեկ Մութաֆյանի հարցերին, ապա դատարան հասնելուն պես՝ նրա հանձնարարությամբ քաղաքացիներին են մոտեցել ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչները:
Թեմային անդրադառնալով՝ քաղաքական մեկնաբան Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Այս պահի դրությամբ երկուսն էլ քաղաքական հալածանքի և հետապնդման են ենթարկվում: Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին եղել է քաղբանտարկյալ, անկախ ամեն ինչից՝ ես նրան համարում եմ քաղբանտարկյալ, ներկայումս իր հրամանով երկու քաղբանտարկյալ ունի այն Հայաստանում, որն ինքը ղեկավարում է»:
Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը մինչ կալանավորումների թեմային անդրադառնալը նշեց, որ վարչապետ Փաշինյանի իշխանության օրոք եղել է երկու մահ. «Մենք արդեն երկու մահեր ունենք՝ անհասկանալի մահեր՝ «Հայնյուզ» կայքի տնօրեն Մհեր Եղիազարյանի մահն է քառասնօրյա հացադուլից հետո, և Հայկ Հարությունյանի մահն էր»:
Կալանավորման փաստն արձանագրելով՝ նա հավելեց. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատավորները «վնգստացող» են, «ՍԴ-ն կրպակ է», ոչ մի դատավորի ինքնասիրություն այդպես չշարժվեց, և ոչ մի դատավոր չկանգնեց ու չհայտարարեց՝ մի վիրավորեք, ես վնգստացող չեմ, երբ Փաշինյանը փակեց դատարանների դռները, և դատավորին իր սեղանակից-հացընկերը քաշեց, գցեց գետնին, ոչ ոք քրեական գործ չհարուցեց, մեր փառապանծ ոստիկաններն այնտեղ չկային, բայց երկու երիտասարդ, երբ փորձել են ՍԴ օրինական վճիռը չկատարող դատավորին հարցնել, թե արդյո՞ք ճիշտ էր Փաշինյանը, երբ իրենց անվանել էր «վնգստացող» դատավորներ, նրանց կալանավորում են և մեկուսացնում են հասակությունից: Գիտեք՝ ինչ, «Սասնա ծռերը» մտան, մարդ սպանեցին, ազատ արձակեցին, Նարեկ Մութաֆյանն ընդամենը հարց է տվել, կալանավորել են. Սա՛ է «նիկոլյան» արդարադատությունը, սա՛ է ամենասարսափելին, որը սկսվում է Հայաստանում»:
Զարուհի Դիլանյան