«Ունենալու ենք մեր սեփական արտադրության ռազմական ինքնաթիռները». Էրդողան
Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ ունենալ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական «Ազգային նավ» նախագծի շրջանակներում արտադրված «TCG Kınalıada» անունով հակասուզանավային կորվետի (ռազմանավ) շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
Էրդողանը նշել է, որ այս հարցում իրենց վճռականությունն ավելի է աճել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով Թուրքիային դուրս թողեց F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:
«F-35 ինքնաթիռների շուրջ զարգացումներն ավելացրել են մեր վճռականությունն այդ ուղղությամբ: Ինչպես անօդաչու թռչող սարքերը, հարվածային անօդաչու թռչող սարքերն ու արբանյակներն ենք նախագծել ու օդ բարձրացրել այնպես էլ հասնելու ենք մեր սեփական կործանիչի արտադրությանը«,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ավելացրել է նաև, որ իրենց թիրախը երկրի պաշտպանական արդյունաբերության՝ արտաքին աշխարհից ունեցած կախումը 2023-ին զրոյի հասցնելն է: Այդ տարեթվին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: