«Նարեկը և Սարգիսը այսօր չդարձան քաղբանտարկյալ, այլ երեկ՝ հենց փաստացի ազատությունից զրկվելու պահից». Ռուբեն Մելիքյան
Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նարեկը և Սարգիսը այսօր չդարձան քաղբանտարկյալ, այլ երեկ՝ հենց փաստացի ազատությունից զրկվելու պահից։ Ընդ որում, դա առանց լուրջ ջանքերի կարելի է հիմնավորել զուտ «մաթեմատիկորեն»։
Ինչո՞ւ:
Բացատրեմ։ «Քաղբանտարկյալ» քաղաքական ֆենոմենը միայն 2012-ին է դարձել իրավաքաղաքական՝ ԵԽԽՎ 1900 բանաձևի հիման վրա (ստորև հղումը կցվում է)։ Մինչ այդ, կարել էր վարել միայն քաղաքական բանավեճ, իսկ 2012-ից ի վեր՝ նաև իրավական։
Անձին «քաղբանտարկյալ» ճանաչելու համար վկայակոչածս բանաձևը սահմանում է հինգ հիմք, որոնցից այս դեպքի համար վերաբերելի է 4-րդը։ Այն է՝ անձը, քաղաքական դրդապատճառով, ազատությունից զրկվել է խտրական ձևով՝ ի համեմատ այլ անձանց։
Այսպիսով, անհրաժեշտ է հիմնավորել հետևյալ էլեմենտները՝ (1) անձը ազատությունիզ զրկվել է A իրավիճակում, (2) նույնանման A իրավիճակում այլ անձինք ազատությունից չեն զրկվել, (3) ընտրողական մոտեցումը պայմանավորված է եղել քաղաքական մոտիվով։
Այս համակարգում մշտապես բարդություն է առաջացրել իրավիճակների համանմանությունը (որ երկու դեպքում էլ եղել է A իրավիճակ, այլ ոչ թե մի դեպքում A, իսկ մյուս դեպքում B): Սակայն Նարեկի և Սարգսի պարագայում այս խնդիրը լուծվում է հեշտորեն – առնվազն դատավոր Գյուլումյանի նկատմամբ ոտնձգությունը (հունիսի 5-ին, տեսագրությունը ստորև) լիովին համադրելի է տղաներին վերագրվող արարքի հետ։
Ուստի, որքան էլ անհամաձայն լինենք Նարեկի և Սարգսի գործողություններին, ըստ իս, անհնար է առանց բանականության կանոնները խախտելու, տղաներին չհամարել քաղբանտարկյալ։
Եվս մի նկատառում։ Իրավիճակների համանմանության համար պետք է ոչ թէ բոլոր, այլ Էական փաստերի նույնություն։ [Այս տեսությունը խորությամբ պարզաբանված է Վճռաբեկ դատարանի Ս.Այվազյանի վերաբերյալ որոշմամբ (2008թ. մայիս)]։ Այսինքն՝ մի դեպքում իրազեկված ակցիա էր, իսկ մյուս դեպքում՝ ոչ, մի դեպքում ցուրտ էր, իսկ մյուս դեպքում՝ խաբուսիկ, և նմանաբնույթ այլ փաստարկները չեն աշխատում։
Միով բանիվ, հարգելիներս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։ Սպասում եմ, թե երբ է Փաշինյանն այս քեյսը ներառելու իր հերթական «Նոր Հայաստանի 100 փաստերում»»: