Բաժիններ՝

Ժամանակակից արվեստի փառատոն՝ Շուշիում

2012 թ. հոկտեմբերի 1-14-ը Շուշիում կայանալու է ժամանակակից արվեստի անդրանիկ նախագիծը, որին մասնակցելու են շուրջ 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև կազմակերպվելու է տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն: Ծրագրում ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչությունը, բացօթյա պերֆորմանսները, վիդեոարթը, լենդ-արթը, ինստալացիա, և այլն: Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» հանրահայտ ֆիլմը, անվանի ռեժիսորը նաև վորք-շոփ կանցկացնի տեղի ուսանողների հետ, տեղի են ունենալու կլոր սեղան-հանդիպումներ լրագրողների, տեղի և հրավիրյալ արվեստագետների մասնակցությամբ: Փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու է: Նախագծի ավարտից հետո այն ներկայացվելու է Երևանում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շուշիում ստեղծված գործերի մի մասը կնվիրաբերվի քաղաքին: «Շուշի Արթ Փրոջեքթը» (ՇԱՓ) անկախ արտիստական նախաձեռնություն է, որի նպատակն է՝ ԼՂՀ Շուշի քաղաքում հիմնել և պարբերաբար կազմակերպել ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոն: Նախագծի կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպությունը: Նախագծի գլխավոր ուղենիշն է՝ արծարծելով հանդերձ տեղային խնդիրներ (ինքնության, սոցիալ-քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, և այլ)՝ հաղորդակից լինել համաշխարհային գործընթացներին, ձգտել երկխոսության թե՛ ներհայկական (ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք), և թե՛ միջազգային շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս