«Եթե Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցվի, ապա իրավապահները դրա մասին կխոսեն». ԱԽ քարտուղար
«Եթե նման բան լինի, կարծում եմ՝ իրավապահ մարմիններն այդ հարցի պատասխանը կտան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վերջին 1,5 տարվա ընթացքում կարող էր զբաղվել է հովանավորչությամբ։
Թե ինչ հակասություններ են եղել վարչապետ Փաշինյանի և Վանեցյանի միջև, որ վերջինս որոշել է հրաժարական ներկայացնել, Արմեն Գրիգորյանը դժվարացավ ասել, սակայն հրապարակման ենթակա տեղեկատվության մասին վարչապետն արդեն խոսել է։
«Այդ որոշումը վարչապետն է կայացրել, այդ պատճառով էլ պետք չէ նրա թիմակիցներին ինչ-որ բան ասել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ պաշտոնական կայքից Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի հեռացնելուն, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ նման տեքստը որևէ կերպ չի համապատասխանում պետական կառավարման ամբողջ սկզբունքներին, ուստի նման հայտարարություններ չեն կարող մնալ ավտանգության համակարգի կայքում։
168.am-ի հարցին՝ ի՞նչ գործերով է վարչապետը դժգոհ եղել Արթուր Վանեցյանից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ԱԱԾ գրեթե բոլոր գործերը գաղտնի են, և այդ գործերի մասին հրապարակային դժվար է խոսել։
Մեր հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցվի, որի մասին հաճախ է մամուլը գրում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին որևէ բան չի կարող ասել, եթե նման բան լինի, ապա դրա վերաբերյալ կխոսեն իրավապահ մարմինները։
Զվարթ Խաչատրյան