«Պարոն Պապիկյան, էս ամեն ինչի հեղինակը դու ես՝ քո բերած թափթփուկներով». Արմավիրի բնակիչ
Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը այսօր այլ ֆերմերների հետ Կառավարության առջև էր: Նա տեղեկացրեց, որ իր ջուրն ապօրինաբար կտրել են, ջրաբաշխման մատյանի մեջ իր անվան դիմաց իր ստորագրելուց հետո թվեր են ավելացվել:
«Պարոն Պապիկյան, էս ամեն ինչի հեղինակը դու ես՝ քո բերած թափթփուկներով»,- այս մասին կառավարության դիմաց հայտարարեց Ռ. Մխիթարյանը:
«40 հեկտար առվույտ եմ մշակում Էջմիածնի տարածքում: 2019 թ. գարնանը մենք տեղեկացանք, որ ՋՕ-ն նոր տնօրեն ունի, պարոն Արշակյանը («Արմավիր» ջրօգտագործողների ընկերության նախագահ) հուլիսի մեկին եկավ իմ տարածք, ասաց՝ կամ այս անօրինական փատաթղթերը ստորագրում ես, կամ մենք ջրամատակարարումդ դադարեցնում ենք: Այսինքն՝ առանց ջրաչափության տալիս են ջուր, ու ուզում են, որ մենք ջրաչափության տակ ստորագրենք: Ոստիկանություն հաղորդում եմ տալիս, որ իմ հողատարածքի ջրբաժանն ակնհայտ կեղծիք է արել, իմ ստորագրելուց հետո թվեր է ավելացրել ջրբաշխի մատյանի մեջ, ոչ մի արձագանք, մեկը մյուսին պահում են: Հիմա նոր տեղակալ են բերել՝ Արմեն Մուրադյան, նա էլ պատգամավոր Նարեկի շտաբի պետն է եղել ընտրությունների ժամանակ:
Մի քանի օր առաջ ես կարդացել եմ, որ Արմեն Մուրադյանին հեռացրել են աշխատանքից՝ ինձ հետ հայհոյանքով խոսելու համար, բայց ինքը վազել է ԱԺ, Կառավարություն՝ Պապիկյանի մոտ, իրեն նորից վերականգնել են աշխատանքի: Հարգելի դատախազ պարոն Դավթյան, ես պաշտոնապես հայտարարում եմ, ակնհայտ առերևույթ հանցագործության մեջ են մեր պաշտոնյաները, առաջին հերթին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հետո՝ Հարություն Գուլյանը, ով Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ է, բայց ինքն է ղեկավարում ամբողջ Ջրային կոմիտեն: Գուլյանն իրավունք չունի Ջրօգտագործողների ընկերությունների նախագահներին ասի՝ ո՞ւմ ջուր տան, ո՞ւմ չտան: Ինքն այստեղից ամբողջ օրը զանգում-ասում է՝ այս մարդու ջուրը կտրեք, այն մարդու ջուրը կտրեք: Ինչքան ընկեր ունի, Երևանից բերել է Արմավիրի մարզ, ինչի Արմավիրում ջրից հասկացող մարդ չկա՞: Շատ սխալվել եք, ասեմ՝ իմանաք, բոլորիդ երազախաբություն է սպասվում, ոնց ընտրել ենք, այնպես էլ կհանենք ձեզ»,- հայտարարեց նա:
Ռաֆայել Մխիթարյանի խոսքով՝ «ջրային նոր մաֆիա է ձևավորվում», որով պետք է զբաղվի ՀՔԾ-ն և Դատախազությունը:
«Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է գցում, գրում է՝ «Ջրային նոր մաֆիան», տակն էլ մեկնաբանություն են գրում, թե մաֆիան ունի իր դոնը՝ նկատի ունենալով Գուլյանին: Ես պահանջում եմ, որ այդ դոնով ՀՔԾ-ն զբաղվի և Դատախազությունը: Արմավիրի մարզը սպասարկում են 23-24 տարեկան երիտասարդներ:
Ես պահանջում եմ, որ Սուրեն Պապիկյանը հենց հիմա իջնի ներքև ու ասի, թե ոնց է ստացվում, որ իր բոլոր մտերիմները, այդ թվում՝ պարոն Արշակյանը, ով իրենց բանակային ընկերն է, հայտնվել են պաշտոններում: Ես էլ 6 համալսարան եմ ավարտել, ինձ էլ նշանակեք, ինչի՞ չեք նշանակում, որ ասֆալտին չեմ պառկել՝ դրա համա՞ր: Ջրային նոր մաֆիա, հա՞, առը հա, թե ջրային նոր մաֆիա կլինի:
Ամբողջ դաշտերը սարքել են անապատ, բա սրանք հայվան չե՞ն: 20 միլիոն ծախս եմ արել, ջրամբար եմ սարքել, էս վիժվածքը ասում ա՝ ձո՞ւկ ես աճացնում: Արփա գետը Սևան է թափվում, այնտեղ էլ են ձուկ բազմացնում, Արփա գետը փակեք դե:
Պարոն Պապիկյան, էս ամեն ինչի հեղինակը դու ես՝ քո բերած թափթփուկներով: Բերել են տրակտորներով հող են լցրել, ջրատարները փակել են, որ ես ջուր չունենամ:
Մի անգամ հլը ջուրը չտված, գալիս-ասում են՝ փողերը մուծեք, է որտեղի՞ց մուծեմ, որ դու պետք ա ջուր տաս, որ ես ոռոգեմ, որ բերք ստանամ, իրացնեմ, բերեմ քո փողը տամ»:
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցարարներն առանց գումար մուծելու՝ ջրի համար հայտ են ներկայացնում, ինչի համար էլ ջուր չունեն: Ցուցարարները նրան մեղադրեցին ստախոսության մեջ՝ ասելով, որ նա ջրանցքն է փակել, ոչ թե կոնկրետ մարդկանց ջուրը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ