Զորավարժության ընթացքում զրահատեխնիկայի փոխադրումն իրականացվել է անվտանգ և ժամանակին
ՀՀ զինված ուժերի ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զրահատեխնիկան երկաթուղով փոխադրվել է զորավարժարան: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների և զինվորական էշելոնների պաշտոնատար անձանց ներդաշնակ փոխգործակցության շնորհիվ զրահատեխնիկայի բարձումը, բեռնաթափումը և փոխադրումը իրականացվել են անվտանգ և ժամանակին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացնում են պարետային ծառայություն: Բոլոր կայազորներում ստեղծվել են հսկիչ, շարժական և կարգավորման կետեր՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով:
Ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համակարգերից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով: Հակառակորդի կողմից խոցելիությունը նվազեցնելու համար լրակահավորվել են կրակային դիրքերը: