Բաժիններ՝

Մինչև տարեվերջ կկատարվեն 330 կմ ճանապարհի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել մինչև տարեվերջ կատարել 330 կմ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում Է հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: Այս մասին միջպետական ճանապարհների հիմնանորոգման  և միջին նորոգման աշխատանքներին հետևելիս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս պահին արդեն ասֆալտային վերին շերտ է դրված 134 կմ ճանապարհի վրա: Մեր առաջ  դրել ենք խնդիր` ապահովել 330 կմ հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ մինչև տարեվերջ, որքան եղանակային պայմանները թույլ տան»,-ասաց նախարարը:

Նա նկատեց` ճանապարհները բարեկարգելու համար երբեմն դիմում են միջին նորոգման աշխատանքների: Բայց մյուս տարվա համար քայլ-քայլ պետք է անցնեն ամբողջությամբ հիմնանորոգման: Հաջորդ տարվա համար նախատեսված է 250 կմ հիմնանորոգում:

Անդրադառնալով Մ3 ճանապարհի Ապարանի 5.3 կմ հատվածում արդեն իրականացված աշխատանքներին` Պապիկյանը նկատեց, որ ճանապարհի ուղղորդող սյուները նախկինում եղել են երկաթբետոնից, հիմա պլաստմասայից են ու 3 անգամ ավելի մատչելի: «Դրանք միայն լուսարձակման դերակատարություն ունեն, որոնք երեկոյան անդրադարձնում են լույսն ու տեսանելի են դարձնում ճանապարհի աջ ու ձախ հատվածները»,- ասաց նախարարը:

Խոսելով ճանապարհներում իրականացվող հիմնանորոգման և միջին նորոգման ընդհանուր աշխատանքներից` Պապիկյանը նշեց` պետք է Երևանից մինչև Բագրատաշեն հեշտությամբ կարողանանք հասնել: Հիմա այդ խնդիրը լուծման ճանապարհին է, պետք է մինչև տարեվերջ կարողանան լուծել: Պապիկյանը սակայն նկատեց, որ ճանապարհաշինությունը Հայաստանում դեռ շատ բարձր մակարդակի չի հասել: «Կան նաև օբյեկտիվ պատճառներ, ծանրաքարշ մեքենաները պետք է չգերակատարեն թույլատրելի ծանրությունը: Հայաստանում դա դեռևս կանոնակարգված չէ»,- ասաց Պապիկյանն ու շեշտեց` պետք է կանոնավորվի նաև այդ հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս