«Փորձում ենք Արայիկ Ղազարյանին վերադարձնել, բայց ժամկետ չենք կարող նշել». Պաշտպանության փոխնախարարը՝ գերի զինծառայողի մասին
«Մենք բոլոր հնարավոր միջոցներով աշխատում ենք, Կարմի Խաչի միջոցով համապատասխան բոլոր շփումները կան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին։
Ըստ նրա, դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունից հետո որևէ մանրամասներ չի կարող ասել։
«Դեռ որոշակիություն, որպես այդպիսին, չեմ կարող ներկայացնել, բայց այս պահին որևէ արտառոց բան չկա։ Մենք փորձում ենք Արայիկ Ղազարյանին վերադարձնել, բայց ժամկետ չենք կարող նշել»,- եզրափակեց Գաբրիել Բալայանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արայիկ Ղազարյանը Եղեգիս համայնքից է։
Զվարթ Խաչատրյան