Կնոջ համար լեզու են սարքել նրա իսկ ձեռքից. Daily Mail
Մեծ Բրիտանիայի բնակչուհու համար լեզուն վերականգնել են նրա ձեռքի հյուսվածքներից: Այդ մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը: Ռաշքլիֆի շրջանից Ռեբեկա Փաթերսոնի մոտ ութ տարի լեզվի վրա ոչ մեծ խոց է եղել, իսկ բերանի խոռոչում՝ սպիտակ բիծ: Բրիտանուհուն ախտորոշել են բերանի կանդիդոզ, որը վտանգ չի ներկայացնում հիվանդի համար: Սակայն ժամանակի ընթացքում կնոջ լեզուն սկսել է այնպես սաստիկ ցավել, որ նա չի կարողացել ուտել եւ քնել: 2018 թվականի ապրիլին կատարել են բիոպսիա: Անալիզները ցույց են տվել, որ Փաթերսոնի մոտ քաղցկեղ է:
Կինը խոստովանում է, որ շատ ծանր է տարել այդ նորությունը. դրանից ոչ շատ առաջ նրան առաջարկություն էր արել սիրած երիտասարդը: Բրիտանուհին ապրումներ ուներ, թե ընդմիշտ կզրկվի խոսելու ունակությունից: Սակայն բժիշկները գտան լուծումը: Փաթերսոնին ուղարկել են 11-ժամանոց վիրահատության, որի ընթացքում հեռացրել են նրա լեզվի աջ մասը, որն ախտահարված էր ուռուցքով, այն փոխարինել են կնոջ ձախ ձեռքի մաշկով եւ զարկերակի մի մասով:
Նոր լեզուն բերանում տեղավորելու համար անդամատել են բրիտանուհու պարանոցի աջ կողմի ավշային հանգույցները եւ հանել երկու ատամ: Վիրահատությունից հետո Փաթերսոնը մեկ շաբաթ չէր կարողանում խոսել եւ դժվարությամբ էր շարժում պարանոցն ու ձեռքերը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ստիպված է եղել վերստին սովորել կուլ տալ եւ ուտել: Վիրահատությունից հինգ ամիս անց կինն աշխատանքի է վերադարձել դպրոց, որտեղ նա օգնություն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող աշակերտներին: