Լևոն Պաչաջյան. Վաղվանից կսկսեմ մարզվել Շիրակի կազմում
Փորձառու կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս իրանական «Սանատ-Նավթում», երեկ պայմանագիր է ստորագրել Գյումրիի «Շիրակի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականում 37 հանդիպում անցկացրած Լևոն Պաչաջյանը պատասխանել է SportArmenia-ի լրագրողի հարցերին:
-Լևոն, ինչպե՞ս տրվեց Շիրակ տեղափոխվելու որոշումը ու մինչև ե՞րբ է նախատեսված պայմանագիրդ:
-Սկզբում տրամադրված չէի Հայաստանում խաղալ, քանի որ դրսից տարբեր առաջարկներ եղան, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց արտասահմանում պայմանագիր կնքել, և ես որոշեցի կապվել տեղի ակումբների հետ: Ավելի նպատակահարմար գտնվեց «Շիրակի» տարբերակը… Իսկ պայմանագիրս նախատեսված է մինչև 2012-2013թթ մրցաշրջանի ավարտը:
-Արդեն միացե՞լ ես թիմին:
-Վաղվանից կսկսեմ մարզումներս:
-Իսկ մինչ այդ մարզավիճակը պահելու համար ինչ-որ տեղ մարզվո՞ւմ էիր:
-Անհատապես էի մարզվում տարբեր մարզասրահներում:
-Գյումրիում հետևում էիր «Շիրակ»-«Փյունիկ» խաղին, ի՞նչ տպավորություններով վերադարձար:
-Շատ հետաքրքիր խաղ էր: Ընդհանուր առմամբ «Շիրակն» առավելություն ուներ, մի քանի գոլային պահեր ստեղծեց, բայց օգտագործեց միայն երկուսը: Իսկ «Փյունիկը» իր երիտասարդ կազմով լավ տպավորություն թողեց:
-«Շիրակը» հիմա Բարձրագույն խմբի առաջատարներից է, ըստ քեզ, այս առաջնությունում ի՞նչ շանսեր ունի քո նոր թիմը:
-Այս պահին եթե կա երկու ակումբ, որոնք պայքարում են չեմպիոնության համար, դրանցից մեկը «Շիրակն» է… Կարծում եմ` «Շիրակն» ամեն ինչ կանի, որպեսզի չեմպիոն դառնա, ժամանակը ցույց կտա:
-Սոց ցանցերում հայտնված նկարները վկայում են, որ երկրպագուները շատ ջերմ ընդունեցին քեզ…
-Այո, ամեն ինչ շատ լավ էր, թե ակումբի անձնակազմը, թե երկրպագուները շատ լավ ընդունեցին ինձ, ինչի համար շնորհակալ եմ նրանց:
-Օրերս Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բելաուսի հետ: Հետևո՞ւմ էիր խաղին:
-Այո, հետևել եմ: Կարող եմ ասել, որ պարզապես տղաների բախտը չբերեց: Մեր հավաքականը մեծ ներուժ ունի և եթե կարողանա ամբողջությամբ օգտագործել այդ ներուժը, ապա Բելառուսի նման հավաքականներն արդեն խնդիր չեն լինի:
-Մի քանի օր առաջ ծնվեց քո երկրորդ զավակը, ինչի առթիվ շնորհավորում ենք ողջ խմբագրության անունից: Ինչպե՞ս եք անվանել նորածնին:
-Շնորհակալ եմ, որդուս անվանել ենք Հարություն, ի պատիվ հորս:
-Facebook-ում փոքրիկի առաջին նկարի մակագրությունում գրել էիր. «էս ոտովա տղես տժցնելու»… Ապագա ֆուտբոլի՞ստ է մեծանում:
-Ահա… Հուսով եմ, որ ֆուտբոլիստ կդառնա: Ես շատ կցանկանայի, բայց եթե նա այլ ուղի ընտրի, միշտ նրա կողքին կլինեմ:
Զրուցեց Անուշ Անանյանը
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը