«Ես չգիտեմ, թե իմ հերոսը որտեղից կլինի, բայց վստահ եմ, որ նա հայ է». Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ ներկա են գտնվել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։ Նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել 13 մրցանակակիրներից մեկին։
Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է․ «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին»։
Մրցանակաբաշխության անվանման հետ կապված հիշելով իր դպրոցական տարիները՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է․”Ուզում եմ խոսել իմ 8-րդ դասարանի մասին: Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում, քանի որ Լերմոնտով էինք անցնում, առաջարկվեց գրել «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով շարադրություն: Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի, որովհետև շատ անկեղծ էի գրել:
Տասնյակ տարիներ հետո՝ հիմա, ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել: Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան: Երկիրն աղետալի վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու, իմ հայրիկի, մայրիկի սերունդը, 1946-47 թթ․ հայրենադարձության սերունդը, որոնք եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին մեծ արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունը ուզում եմ հայտնել նաև նրանց և նաև կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու:
Իսկապես շնորհակալ եմ հայրիկիս և նրա ընկերներին, որովհետև փոքր տարիքից՝ 5 տարեկանից ինձ իրենց հետ տանում էին հանրապետության տարբեր շրջաններ՝ մինչև Արցախ, և փոքր տարիքից ծանոթացնում մեր ճարտարապետությանն ու բնությանը:
Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ ինձ համար մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել, և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը:
Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ կառավարությանն այն որոշման համար, որ Անկախության օրը պետք է տոնվի Գյումրիում: Ուրախ եմ, որ մեր ժամանակի այսօրվա հերոսները մի տեղից չեն, որովհետև մեր հայրենիքը միայն Երևանը չէ: Գյումրին, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ, ամեն տեղ է:
Ես չգիտեմ, թե իմ հերոսը որտեղից կլինի, բայց վստահ եմ, որ նա հայ է, հայաստանցի է, իր երկրի և ժողովրդին նվիրված և ազատ, անկախ, ամուր մի կին է կամ տղամարդ, որ նվիրված է իր հայրենիքին»:
Մրցանակաբաշխության ծրարը բացելուց հետո նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել հաղթողներից մեկին՝ մարգահովիտցի փայտագործ Սամվել Գասպարյանին։ Խոսելով մրցանակակիրների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: «Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ է և շատ խորն անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,-ասել է նա: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունն ավանդույթ կդառնա։
Գյումրիում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մասնակցել են նաև Անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը։