«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է». Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության 28-ամյակի կապակցությամբ, որում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է: Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել, սակայն մեկ բան անփոփոխ է ու անսասան՝ դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի հանդեպ:
Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը:
Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնի այդ սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ մենք կարող ենք ինքնուրույն կերտել մեր ժողովրդի, մեր սերունդների բարեկեցիկ ապագան և միայն հպարտության արժանի հայրենիք ժառանգենք մեր սերունդներին:
Տոնի առիթով երախտագիտության խոսքս եմ հղում նաև այն քաջորդիներին, ովքեր հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի:
Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Աստված պահապան մեզ բոլորիս»: