Բաժիններ՝

Մաղթում եմ բոլորիս լծվել հայրենիքի հզորացման և զարգացման գործին. Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով անկախության տոնը նոր առիթ է բոլորիս լծվելու հայրենիքի հզորացման և զարգացման գործին:

«Արմենպրես»ի հետ զրույցում անվանի ըմբիշը նախ ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: «Անկախության տոնն այն առանձնահատուկ օրն է,որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը,միավորում է համայն հայությանն ամբողջ աշխարհով մեկ՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից։ Ժամանակն է խորապես գիտակցելու այս տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու շտկելու բացթողումները։ Այս ազգային մեծագույն տոնի առթիվ մաղթում եմ բոլորիս լծվել հայրենիքի հզորացման և զարգացման գործին: Կեցցե ազատ,անկախ Հայաստանը՝հայ ժողովրդի դարավոր իղձերի մարմնացումը»,-շեշտեց նա:

Ջուլֆալակյանն , ով ծնունդով հենց Գյումրիից է, որտեղ այս տարի հիմնականում անցկացվում է անկախության օրվան նվիրված տոնակատարությունները, լինելու է Հայաստանի երկրորդ քաղաքում: «Քանի որ այս տարի որոշված է Անկախության տոնը նշել Գյումրիում, ես ևս կլինեմ այնտեղ և սիրով կմասնակցեմ այդ առիթով կազմակերպված միջոցառումներին։ Նաև վարչապետի հետ միասին պարգևատրելու ենք «Մեր ժամանակի հերոսները» ծրագրի մասնակիցներին։ Մի խոսքով,հետաքրքիր է լինելու»,-եզրափակեց նա:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս