Եթե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ապա հասկանալի չէ «Միացում» տեսլականը

«Եթե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ ինչպես հավասար կողմ, ապա  հասկանալի չէ «Միացում» տեսլականը, որը հնչեցվում է Ստեփանակերտում: Եթե միացում է՝ ապա Հայաստանը կա ու կա, ի՞նչ երրորդ կողմի մասին է խոսքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Այստեղ կա շատ խորքային, երևացող հակասություն: Այդ հակասությունը հիմք հանդիսացավ այնպիսի նյութերի, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայինն էր: Ես պետք է պատասխանեմ վարչապետի՝ «Իսկ ի՞նչ է Մեթյու Բրայզան անում այսօր» հարցին: Երևի վարչապետը չունի խորհրդական, որը կուսումնասիրեր ու կասեր, որ նա «Atlantic Council» վերլուծական կենտրոնի  անդամներից մեկն է: Ի տարբերություն Հայաստանի և մեզ նման երկրների՝ անցած ժամանակներում ինչ-որ պաշտոն զբաղեցրած մարդիկ վերին աստիճանի բարձր գին և հարգանք ունեն այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Կոչ եմ անում լրջությամբ վերաբերվել այդպիսի ուղերձներին: Այն, որ Բրայզան ակտիվացել է, դա պատահական չէ: Նրա շուրթերով խոսում է վերլուծական կենտրոնը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Նա կարևորեց նաև պատգամավորների՝ խնդրին քաջատեղյակ լինելը:

«Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան մեկ անգամ դիմեց ինձ՝ ասելով, թե՝ գիտե՞ք, մեր գլուխը պտտվում է, մի հատ ասեք, թե ի՞նչ եք ուզում՝ միացնում եք, անջատում եք, ճանաչում եք, չեք ճանաչում: Այսինքն, կարևոր նշանակություն ունեն նաև պատգամավորների ուղերձները»,- նշեց Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս