Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է Հունաստանից շտապ վերադարձել Հայաստան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որից հետո պաշտպանները Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցին։
Քոչարյանի պաշտպանները դատարանում հայտարարեցին, որ Քոչարյանը չորս ամիս մնալով ազատության մեջ՝ արդեն իսկ ապացուցել է, որ չի կարող գործին խոչընդոտել, իսկ մեղադրող կողմը միջնորդեց, որպեսզի դատարանը չփոխի մեղադրալի խափանման միջոցը։

Լսելով երկու կողմերին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մեղադրող կողմի բոլոր պնդումները կառուցված են զուտ ենթադրությունների վրա։

«Գործին խոչընդոտելու վերաբերյալ գոնե մեկ փաստարկ չկար։ Ստիպված եմ պարզաբանել որոշ բաներ։ Առաջին ծանուցումը ես ստացել եմ նախորդ տարվա հունիսի 6-ին, այդ ժամանակ Հունաստանում էի և հայտնել եմ իմ հետ գալու օրը։ Այդ ժամանակ Պաշտպանության նախկին նախարարն արդեն հետախուզման մեջ էր։ 10 տարի նախագահ եղած մարդը լավ է հասկանում, թե ինչպես է գործում այդ մեքենան՝ 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու, և մեծ հավանականությամբ փորձելու են ինձ կալանավորել։

Օր ու գիշեր նիստ անելուց հետո, ինձ նույն օրը կալանավորեցին, ես հստակ գիտեի, թե ուր եմ գնում և ինչ եմ սպասում։ Դրա այլընտրանքը հետևյալն էր՝ չես գալու, աղմուկ են բարձրացնում, թե փախչում է, պատասխանատվությունից խուսափում է, և այլն, և ամբողջ կենսագրությունն իմ մեկ քայլի պատճառով փորձում էին վերաշարադրել, սա է եղել իմ հետ գալու հիմնական մոտիվացիան»,- ասաց Ռ. Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև պարզաբանեց, որ ունեցել է երկու անձնագիր՝ մեկը եղել է քննիչի մոտ, մյուսը՝ իր, ուստի հնարավորություն է ունեցել Հայաստանից գնալու, սակայն դիմել է քննիչին։

«Քննիչին ասել եմ, որ գնամ Հայաստանից՝ կասեք, թե Քոչարյանը խուսափեց, հորդորել եմ խորհրդակցել իր ղեկավարության հետ, եթե խնդիր չտեսնեն՝ գնալու եմ, եթե տեսնեն՝ նույն բուժզննումը կփորձեմ անցնել Հայաստանում։ Քննիչն ինձ ասել է, որ պետք է քննարկեն, ներկա են եղել նաև երկու փաստաբան, քննիչի դուրս գալուց հետո միայն պատվիրել եմ տոմս, չեմ գնել, միայն պատվիրել եմ, երբ մերժում ստացա՝ տոմսը չգնեցի։ Հիմա փախնող մարդը կգնար քննիչին կասեր, թե՝ ես փախնո՞ւմ եմ։ Ուղղակի մեզ այսպես մի քիչ տրամաբանված շրջանակներում պահենք, մարդիկ, որոնք մտածում են, որ նույն իրավիճակում իրենք կփախնեին, ուզում եմ ասել, որ ես իրենց նման չեմ։ Պատճառը սա է, որ ինձ չեն հասկանում և չեն էլ ուզում հասկանալ նաև այս նիստի ժամանակ»,- հավելեց ՀՀ երկրորդ նախագահը։

Դիմելով դատարանին՝ Քոչարյանն ասաց, որ ո՛չ փախնելու է, ո՛չ թաքնվելու, և չի էլ կասկածում, որ բոլոր մեղադրյալները վերջում արդարացվելու են, որոնց ուսերի վրա է կառուցվել հայոց պետականությունը, բանակը և հաղթանակները։ Ուստի, եթե որոշ մարդիկ պատրաստ են այդ ամենի վրա խաչ քաշելու, ապա իրենք թույլ չեն տա, և թույլ չտալու միակ ճանապարհը ոչ թե փախնելն է, այլ մնալն ու դատական նիստերին մասնակցելը։

«Խաչատուրովը Մոսկվայում էր և կարող էր չգալ, ինչո՞ւ է եկել, որովհետև մարտական գեներալ է, որևէ մեկի մտքով կարող է անցնել, որ Սեյրան Օհանյանը կարող է փախնե՞լ երկրից, փախնող լիներ՝ ոտքը չէր կորցնի»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս