«Դատախազության մոտ այսօր շատ ավելի լուրջ փաստեր կան, որոնց ընթացք չի տրվում». Փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած որոշումից հետո, այն է, որ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացնելու են վերաքննիչ բողոք։
«Դատախազության մոտ այսօր շատ ավելի լուրջ փաստեր կան, որոնց ընթացք չի տրվում, ուղղակի անիմաստ կդառնա, եթե մենք գնանք փաստեր հավաքենք, աղբյուրները ճշտենք, որովհետև շատ ավելի կոպիտ միջամտություններ են եղել արդարադատության իրականացմանը, որոնց 100 տոկոսանոց փաստերը դատախազությունն ունենալով՝ ընթացք չի տալիս։ Այդ թվում՝ հայտնի խոսակցությունը ՀՔԾ և ԱԱԾ պետերի միջև և դատարանների մուտքերի արգելափակումը»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, Հայկ Ալումյանը նշեց, որ այն ակնհայտ ճնշում է դատարանի նկատմամբ, քանի որ նախ՝ հայտարարվեց, որ ՍԴ-ի որոշումն ապօրինի է, ինչը նշանակում է, որ այսօր Քոչարյանի գործը քննող դատավորը պետք է որոշի՝ ՍԴ-ի որոշումը հիմք ընդունի՞, թե՞ ոչ։
«Սրանից ավելի բացահայտ ճնշում՝ հոգեբանական, հնարավոր չէ մտածել։ Կա դատական իշխանություն, որի աշխատանքներին չպետք է միջամտի ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունը։ Այս որոշման նախորդ օրը երկրի երկու կարևոր դեմքերը՝ վարչապետը և ԱԺ նախագահը, հայտարարում են, որ ՍԴ-ի որոշումն ապօրինի է, սա խորհրդակցությունների սենյակում գտնվող դատավորի վրա ճնշում չէ՞»,- եզրափակեց փաստաբանը։
Զվարթ Խաչատրյան