«Օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները պարբերաբար ճնշումներ են գործադրել դատական իշխանության վրա». Արամ Օրբելյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Որոշման հրապարակումից հետո դատարանն անցավ պաշտպանների կողմից ևս երկու միջնորդության քննության՝ գրավը կիրառել որպես այլընտրանքային խափանման միջոց, և Քոչարյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելուն։
Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյան անդրադառնալով դատարանի կողմից կայացրած որոշմանը՝ նշեց, որ օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները պարբերաբար ճնշումներ են գործադրել դատական իշխանության վրա։
«Երբ դատարանը քննում է պարոն Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, այդ ճնշումներն ակտիվանում են, երբ հարցի ակտուալությունն անցնում է, այդ ճնշումները թուլանում են։ Ըստ էության վերջին ակտիվությունը եղել է երեկ՝ դատարանի կողմից այս որոշումը կայացնելու նախօրեին։ Չեմ ուզում անդրադառնալ օդում կախված լուրերին»,- ասաց Արամ Օրբելյանը։
Արամ Օրբելյանի բնորոշմամբ՝ նման պայմաններում խաթարվել է Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը, ուստի ինչ որոշում էլ կայացնի դատարանը, չի կարող երաշխավորել գործի արդար ու անկողմնակալ քննությունը։
Զվարթ Խաչատրյան