«Դատարանի որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել  իշխանության հայտարարությունները և սպառնալիքները ՍԴ-ի հասցեին». Հայկ Ալումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Որոշման հրապարակումից հետո դատարանն անցավ պաշտպանների կողմից ևս երկու միջնորդության քննության՝ գրավը կիրառել որպես այլընտրանքային խափանման միջոց,  և Քոչարյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելուն։

Մինչև միջնորդություններին անցնելը, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը  հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ դատարանի կայացրած որոշման պատճառ են հանդիսացել երեկ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները ՍԴ-ի հասցեին։

«Դրանք լինելով սպառնալիք ՍԴ-ի հասցեին՝ իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, քանի որ այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ ՍԴ-ի որոշումն ապօրինի է և անօրինական։ Հարգելի դատարան, դրանով իսկ, նրանք Ձեզ ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ` ասելով, որ, եթե ՍԴ-ի որոշումն իրենց որակմամբ ապօրինի է, ապա այս որոշումը ևս կլինի ապօրինի»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ հայտնի է, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմքերի վերաբերյալ դատողությունները կրում են կանխատեսական բնույթ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս