«Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են». Պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Որոշման հրապարակումից հետո դատարանն անցավ պաշտպանների կողմից ևս երկու միջնորդության քննության՝ գրավը կիրառել որպես այլընտրանքային խափանման միջոց, և Քոչարյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելուն։
Անդրադառնալով միջնորդություններին, Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին քննելով որոշումները՝ կալանավորեց իր պաշտպանյալին։
«Այս որոշումը հրապարակելուց հետո դատարանին է ներկայացվել միջնորդություն պարոն Քոչարյանի ազատազրկման հետ չկապված խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը, արդեն երեք ամիս է՝ քննության չի առնվել։ Մինչև միջնորդությանն անդրադառնալը ցանկանում եմ արձանագրել, որ այդպիսով ՀՀ դատական համակարգի կողմից խախտվել է պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը»,- ասաց փաստաբանը։
Նա նաև հավելեց, որ նույն որոշումը կայացնելիս դատարանը հաշվի չի առել այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու հարցը։ Ավելին՝ մինչև դատարանի որոշման կայացումը, տեղի են ունեցել իրադարձություններ, որտեղ եղել են փաստեր, բայց դրանք Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել դատական ակտը կայացնելիս։
«Գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են՝ հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, որոնց նախկինում դատարանները մասամբ անդրադարձել են, մասամբ՝ ոչ։
Գործի ամենասկզբում՝ նախաքննության փուլում, հրավիրված լինելով հարցաքննության, նախապես տեղեկացված լինելով նույն գործով Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ ՀՔԾ հրապարակմանը, որում նշված են եղել ուղղակիորեն ՀՀ նախագահի գործողությունները։ Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն իր հայտարարության մեջ նկատի է ունեցել նաև պարոն Քոչարյանի կողմից ենթադրյալ արարքների կատարումը»,- շեշտեց Հ. Խուդոյանը։
Շարունակելով՝ փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ հայտարարությունից հետո վերադարձել է Հայաստան և մասնակցել դատավարական գործողություններին։ Իսկ մեղադրանքի առաջադրումից հետո և հաջորդաբար ներկայացել է վարույթ իրականացնող մարմնին հենց առաջին կանչով։ Շուրջ 4 ամիս գտնվելով ազատության մեջ՝ Քոչարյանը նաև գործին որևէ կերպ չի խոչընդոտել։
Զվարթ Խաչատրյան