«Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը» շարքից…»

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը» շարքից…

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ իրենք սկսում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը:

Այսինքն՝ ազդարարվեց Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության ապօրինի զավթման հերթական փուլը:

Ամբողջական գործընթացը բաղկացած էր հետևյալ փուլերից.

1. Օրենքի խախտմամբ և ամեն գնով կոնկրետ անձի՝ Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի /այսուհետ՝ ՍԴ/ դատավորի ընտրություն:

2. Օրենքի խախտմամբ ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնից ինքնահռչակում՝ որպես ՍԴ նախագահ:

3. ՍԴ դատավոր-անդամ մանիպուլյատիվ դիսկուրսի ներմուծում, որի վերաբերյալ անգամ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումը հստակ և աներկբա է. գործող ՍԴ-ն կազմած է դատավորներից:

4. Օրենքների նախագծերի ներկայացում, որոնց միջոցով այլընտրանք էր նախատեսվում ՍԴ դատավորների համար. կա՛մ հրաժարական ներկայացնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները /աշխատավարձ, թոշակ/, կա՛մ որևէ քրեական գործի շրջանակներում դատաարական կարգավիճակով ներգրավվելու հիմքով՝ կասեցնել ՍԴ դատավորի լիազորությունները:

5. ՍԴ-ի 3 դատավորների Ռ. Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդության ՍԴ-ի կողմից չանդրադառնալու մեղադրանք, այն դեպքում, երբ այդ միջնորդությունը ներկայացել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ակնհայտ խախտմամբ և տարրական իրավական անգրագիտություն է՝ որևէ պաշտոնատար անձի կողմից այս հարցին անդրադառնալը:

Կրկին սպասում ենք մի շարք իրավական ձախողումներից հետո հերթական իրավական ավանտյուրայի բեմադրությանը, ինչը, բնականաբար, պսակելու է մեր երկրի միջազգային վարկանիշին հասցված հերթական հարվածով:

Հ. Գ. ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հայտարարությամբ՝ մեկ անգամ ևս իշխող քաղաքական ուժն ընդունում է ՍԴ դատավոր-անդամ դիսկուրսի անհեթեթությունը:

Հ. Գ. 1. Միևնույն ժամանակ, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով ՍԴ-ին առանձնացնում է գործող ՍԴ անդամներին և դատավորներին՝ ընդգծելով, որ նրանք բոլորը սահմանափակված են քաղաքական զսպվածության սկզբունքով, և, որ այն խախտելու համար սահմանված է պատասխանատվության: Նախ՝ կողմնորոշվեք տիկնայք և պարոնայք՝ դատավոր, թե անդամ: Երկրորդ՝ մեր որոշ պատգամավորների իրապես թվում է, որ իրենք մտքի գիգանտներ են, թե մոլորության մեջ են, որ հանրությունը ոչինչ չի հասկանում, և երկրի իրավական կարգավորումները հարմարեցած են բացառապես իրենց շահերին:
Ինչ լավ է, որ տեղյակ եք քաղաքական զսպվածության սկզբունքից, երբեմն Ձեր կողմից ապօրինաբար ընտրած ՍԴ դատավորին տեղեկացրեք այդ մասին, Դուք էլ հետևողական եղեք:

Եվ վերջապես.
Հ. Գ. 2. Ինձ որպես հանրության ներկայացուցիչ և քաղաքացի հետաքրքրում է, այդ ինչ ծառայությունների դիմաց է իշխանությունը ամեն գնով ուզում նվիրել ՍԴ նախագահի պաշտոնը Վահե Գրիգորյանին, ում պատճառով անընդհատ ոտնձգություն է կատարվում մեր երկրի սահմանադրաիրավական կարգավորումների նկատմամբ, ում պատճառով մենք զրկվեցինք Արթուր Վաղարշյանի և Գոռ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ և հեղինակավոր ՍԴ դատավորներ ունենալու հնարավորությունից:

Ամփոփելով՝ նշեմ, որ, ըստ իս, քաղաքական իշխանության կազմում առկա են բավականին ողջամիտ գործիչներ, ովքեր ստիպած են կիսել այս ապօրինի քայլերի պատասխանատվությունը, ինչը շատ ցավալի է»:

«Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը» շարքից…Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ…

Gepostet von Gohar Meloyan am Dienstag, 17. September 2019

Տեսանյութեր

Լրահոս