Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը ստացել են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում սովորելու առաջարկ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավարությունը օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանին առաջարկում է անվճար ուսուցում բուհում:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մարզիկներն այս տարի կարող են ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հեռակա ուսուցման:

«Մենք գյումրեցի մեր մարզիկներին, ովքեր միջազգային ասպարեզներում պատվով են ներկայանում և բարձր են պահում մեր հանրապետության անունը, որոշել ենք ընդունել մեր մասնաճյուղի հեռակա ուսուցման երեք՝ Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ և Կառավարում բաժիններում: Թե որ բաժիններում կցանկանան սովորել մեր չեմպիոնները, իրենց ընտրությանն ենք թողնում: Ուսման վարձավճարներն ամբողջությամբ կփոխհատուցի մեր մասնաճյուղը»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Գյումրեցի մարզիկները մինչ այս ավարտել են «Շիրակի» պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս