«Առաջին անգամ չէ, երբ ՄԱԿ ԳԱ-ի կուլիսները դառնում են հարմար վայր նախարարների միջև շփումների շարունակականությունն ապահովելու համար». փորձագետ

«Բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ չունեմ, չեն նկատվում միտումներ կարգավորմանն ընդառաջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման օրակարգին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ է եղել:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել  հայկական կողմը չի պատրաստվում»,- ասել է Նաղդալյանը։

Սյուզան Ստյուարտն ասաց, որ առաջին անգամ չէ, երբ ՄԱԿ ԳԱ-ի կուլիսները դառնում են հարմար վայր նախարարների միջև շփումների շարունակականությունն ապահովելու համար:

«Կարծում եմ, նախարարների հանդիպումների կարևորությունը կողմերի միջև կապի չընդհատումն է, իսկ կարևոր հարցերն անցնում են ղեկավարների մակարդակով հանդիպումներով: Իսկ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս շարունակականության չընդհատումը կարևոր է շփման գծում ստեղծված իրավիճակի տեսանկյունից: Ակնհայտ է, որ կան պայմանավորվածություններ հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ, որոնք  գործում են, քանի որ կան նաև բանակցություններ, մտքերի փոփանակություն է ընթանում կարգավորման սկզբունքների, կարևոր հարցերի շուրջ: Թե ինչ փուլում է այդ ամենը, կասեմ, որ նկատելի է, որ կողմերն ունեն հակասություններ, ինչպես նախկինում:

Ըստ իս, այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել: Սակայն կարևոր է, որ կողմերը հնարավորինս հեռու են մնում ռազմատենչ հռետորաբանությունից, թեև ներկայումս ևս հնչում են հայտարարություններ, որոնք սուր են ընկալվում հակառակորդ կողմից: Բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ չունեմ, չեն նկատվում միտումներ կարգավորմանն ընդառաջ: Ուստի առաջիկա նախարարական հանդիպման նպատակն ապահովելն է հանդիպումների այն հաճախականությունը, որը եղել է վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին, թե արդյոք կքննարկվի՞ ՀՀ ԱԳ ղեկավարի նշած «Դուշանբե +» ձևաչափը՝ Ստյուարտը պատասխանեց. «Եթե ես ճիշտ եմ հասկանում, դա ներառում է Վիեննայի օրակարգը: Կարծում եմ՝ այն ևս կարող էր հաջողել, եթե լիներ երկու կողմի համաձայնությունը: Կարծում եմ՝ Դուշանբեի պայմանավորվածությունները պահպանվում են, և դա օգտագործվելու է որպես լծակ՝ առաջ չանցնելու համար: Սա իմ ընկալումն է: Այնուամենայնիվ, հրադադարն ամրապնդող միջոցառումներ հարկավոր են»:

Տեսանյութեր

Լրահոս