«Արդեն գործը հասել է նրան, որ «մակրոններն» ասում են, որ զարմացած են մեր ներքին իրադարձություններով». Քաղաքագետ
«Բոլոր դատական նիստերն ինձ մոտ մի տպավորություն են թողնում, որ դա թատրոն է, որին մասնակցում են նաև Դատախազությունը, Կառավարությունը»,- անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությանը, նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ նրա՝ բոլորը հասկանում են, որ կա Սահմանադրական դատարանի որոշում, և որ գոնե հոդվածներից մեկը հակասահմանադրական է, բայց շարունակում են նույն գործելաոճը.
«Եթե ամբողջը գումարենք, տեսնում ենք, որ իմանալով՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը հակասահմանադրական է, այնուամենայնիվ, մեր իշխանությունները թատրոն են խաղում. փորձում են ձգել ժամանակ, թե ինչի համար՝ եթե դուք մտադիր չէիք մի օրվա մեջ (իսկ դա մի օրվա մեջ չի արվում) ընդհանրապես հանել Սահմանադրությունը և փորձել նոր Սահմանադրություն մշակել ու առաջարկել քաղաքացիներին, ուրեմն բոլոր այդ կարգի ճիգերը թատրոն են»:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե պնդում են, որ ՍԴ որոշումը ոչ լեգիտիմ է, քաղաքագետը նշեց. «Ուրեմն էդ դեպքում բոլորը ոչ լեգիտիմ են:
Գործ ունենանք միայն փաստերի հետ. 1 տարի 8 ամիս համապատասխան մարմինները ձեռ են առնում և՛ երկրի քաղաքացիներին, և՛ միջազգային հանրությանը. արդեն գործը հասել է նրան, որ «մակրոններն» ասում են, որ զարմացած են մեր ներքին իրադարձություններով:
Բայց ես զարմանում եմ այլ բանի վրա, որ նրանք չեն հասկանում, որ վաղ թե ուշ դա պիտի ավարտ ունենա՝ չեն հասկանում, բայց դա պետք է իրենց հասկացնել»:
Զարուհի Դիլանյան