«Իշխանությունների արած լավ գործերը ներկայացնելը իմ գործն ու առաքելությունը չէ». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հաճախ մարդիկ հարցնում են, թե ինչու՞ եմ մշտապես քննադատում այսօրվա իշխանություններին, մի՞թե նրանք որևէ լավ գործ չեն արել երկրի համար, որի համար կարելի է գովել նրանց։
Փորձեմ պատասխանել։
Իշխանությունների արած լավ գործերը ներկայացնելը իմ գործն ու առաքելությունը չէ, քանի որ ես և իմ գործընկերները գտնվում ենք ընդդիմադիր դաշտում, իշխանության մեջ չենք և չենք կիսում իշխանության սխալների պատասխանատվությունն ու հաջողությունների դիվիդենտները։
Մենք ընդդիմություն ենք և մեր խնդիրն է գտնել իշխանության սխալները, թերացումները, ձախողումները, բարձրաձայնել դրանք, առաջարկել լուծման մեր տարբերակները։
Իսկ իշխանությանը գովերգողները շատ են, դա իրենց գործն է։ Իշխանությունն ունի 88 պատգամավոր ԱԺ-ում, վարչական մեծ ապարատ, ունի իր փորձագետները, լոբբիստները, որոնք և պետք է ներկայացնեն իշխանության հաջողությունները, ձեռքբերումները։
Այնպես որ՝ խնդրում եմ իմ և իմ գործընկերների կողմից հնչող քննադատություններին վերաբերվել նորմալ ու հանգիստ, եթե ուզում եք լսել այլ կարծիք և դիրքորոշում, ապա կարդացեք, լսեք, իսկ եթե ձեզ տհաճ է լսել քննադատություն, ապա վայելեք իշխանամերձ մամուլի և այնտեղ մշտապես հայտնվող մարդկանց կողմից արտադրվող Փաշինյանի գովեստն ու փառաբանումը, աստվածացումն ու սրբադասումը։
Ձևավորեք ձեր կոմֆորտի տարածքը և ապրեք այդտեղ։ Բայց մի դժգոհեք, բողոքեք ու հայհոյեք հակառակ կարծիք հայտնող մարդկանց, քաղաքական ընդդիմությանը։
Եվ միշտ հիշեք, որ այսօրվա ամենաթեժ քննադատը, որը ձեր համոզմամբ տարածում է սուտ և կեղծիք, քարոզում է թշնամություն և ատելություն, դեռևս սկսնակ ուսանող է այն ստի, կեղծիքի, ատելության ու թշնամության, որ տարիներ շարունակ քարոզել, տարածել և շարունակում է տարածել հոգով և էությամբ ընդմիշտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր»։
Ինձ հաճախ մարդիկ հարցնում են, թե ինչու՞ եմ մշտապես քննադատում այսօրվա իշխանություններին, մի՞թե նրանք որևէ լավ գործ չեն…
Gepostet von Artur Ghazinyan am Freitag, 13. September 2019