Էդվարդ Ֆիցջերալդ․ «Իշխանությունները կոպտորեն խախտում են Քոչարյանի հիմնարար իրավունքները». yerevan.today
yerevan.today-ը զրուցել է բրիտանացի փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա դատական նիստից:
– Մարտի 1-ի գործը թևակոխում է նոր վճռական փուլ, երբ առկա են շարունակական քաղաքական ճնշումներ և միջամտություն դատական իշխանության գործունեության վրա: Հորդորում եմ, որ վաղը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը իրականացնի իր գործառույթները անկախ և անկողմնակալորեն: Չէի ցանկանա, որ դատավորը որոշում կայացնելիս դուրս գար իրավունքի գերակայության շրջանակից: Եվրոպայի խորհրդի իրավական փաստաթղթերի համաձայն, դատավորը պետք է ապահովի միջազգային և եվրոպական իրավունքի կիրառումը, ճանաչի և կիրառի սահմանադրական դատարանի վերջերս կայացված որոշումը, որը ի դեպ, նույնպես բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի կարգավորումներից:
– Եվրոպայում իրավական պահանջ կա, որ դատավորը կողմերի միջև` ոչ իրավաչափ հիմքերով կամ իր գործառույթներից դուրս որևէ տարբերակում չպետք է դնի: Դատավորը պետք է գործի իբրև պրոֆեսիոնալ, որը պետք է ապացուցվի իր գործողություններով:
– Ի՞նչ կարծիք ունեք գործի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ:
– Ակնհայտ է, որ Հայաստանում դատարանների անկախությունը ճնշման տակ է: Վաղ, թե ուշ, Եվրոպայի խորհուրդը և Ստասբուրգի դատարանը կտան իրենց գնահատականը` գործադիրի կողմից դատական իշխանության միջամտության և կամընտրական արդարադատության վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չի պահպանում իրավունքի գերակայության սկզբունքը: Հայկական իշխանությունները ճնշում են գործադրում իրենց քաղաքական հակառակորդների և նախկին քաղաքական գործիչների նկատմամբ:
Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին, ուղղակիորեն ծանր հարված էր դատարանների և դատավորների անկախությանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորների գործողությունները և անհարգալից վերաբերմունքն ուղղակիորեն սպառնում են դատարանների անկախությանը, և մասնավորապես` այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը։ Թե՛ Վարչապետը և թե՛ Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարել են, և առկա է ռիսկ, որ շարունակելու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգում են և վնասում են դատարանների անկախությունը։
Կուզեի հիշեցնել բոլորին, որ «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի թիվ 12(94) առաջարկությունը պահանջում է Հայաստանից` ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու և պաշտպանելու դատավորների անկախությունը, ինչպես նաև չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վտանգել այդ անկախությունը։ Ավելին, պետք է նաև նշեմ, որ նույն Առաջարկությունը պահանջում է, որ որոշում կայացնելու գործընթացում դատավորները լինեն անկախ և գործեն առանց որևէ սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտության` ուղղակի կամ անուղղակի։
Վստահ եմ, որ նախկին նախագահ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը կհարգվի և կպաշտպանվի Հայաստանում, որը բխում է թե՛ երկրի Սահմանադրության և թե՛ Կոնվենցիայի պահանջներից։