«Կարեն Կարապետյանի հետաքրքրությունները միայն բիզնես ոլորտում են»
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտի, այսպես ասած, խոշոր խաղացողների հետ հանդիպումների ու քննարկումների շարք է նախաձեռնելու։
Մասնավորապես՝ «Փաստ» թերթը գրել էր, որ Հայաստանի բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։
Ըստ հրապարակման՝ Կարապետյանի շրջապատից հայտնել են, որ տեղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով և արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:
Սակայն այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հերքեցին Կարեն Կարապետյանի գրասենյակից:
«Կարեն Կարապետյանի հետաքրքրությունները բացառապես բիզնես ոլորտում են, նա ներկայումս ընդգրկված է և հանդես է գալիս Միջազգային խոշոր կառույցներում, այդ թվում՝ բանկերում, որպես խորհրդի անդամ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Կարեն Կարապետյանի գրասենյակից։
Հարցին՝ առաջիկա մեկ տարում նա մտադրություններ ունի՞ կրկին վերադառնալու քաղաքականություն, գրասենյակից պատասխանեցին, որ այս պահին նախկին վարչապետի այդ մտադրությունների մասին ոչինչ չեն կարող ասել։
Զվարթ Խաչատրյան