Ավստրալիայի երեք քաղաքացի է ձերբակալվել Իրանում
Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ բրիտանական անձնագիր ունեն: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Հրատարակության աղբյուրների տվյալներով, ձերբակալվածներից մեկն ավստրալական համալսարանի կին դասախոս է: Զրուցակիցները նշել են, որ նա ձերբակալվել է մի քանի ամիս առաջ:
Մյուս երկու ավստրալացիները՝ բլոգեր կինը եւ նրա ամուսինը, ձերբակալվել են մի քանի շաբաթ առաջ երկրում ճամփորդելու ընթացքում: Հաղորդվում է, որ երկու կանայք պահվում են Թեհրանի «Էվին» բանտում: Տղամարդու գտնվելու վայրը հայտնի չէ: Թեեւ ձերբակալվածներից երկուսը երկքաղաքացիություն ունեն, ավստրալական կառավարությունը Թեհրանի հետ բանակցություններ է վարում բոլոր երեք ձերբակալվածների ազատման պայմանների շուրջ:
Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ դեպարտամենտը «հյուպատոսային օգնություն է ցուցաբերում այն երեք ավստրալացիների ընտանիքներին, որոնց ձերբակալել են Իրանում»: Վկայակոչելով տեղեկատվության գաղտնիությունը՝ նա հրաժարվել է հետագա մեկնաբանություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: