Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պրահայում Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի
Պրահայում ռուսական կողմի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները կշարունակվեն անկախ այն բանից, թե ով կներկայացնի Մոսկվան: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 11-ին Աբաշիձեն հայտարարել է Imedi վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գրիգորի Կարասինի ազատումը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։
«Դա վրաց-ռուսական երկխոսության ձեւաչափ է: Այն կարելի է անվանել Պրահայի ձեւաչափ: Բանակցորդ կարող է լինել ե՛ւ Կարասինը, ե՛ւ այլ մարդ, ե՛ւ Աբաշիձեն, ե՛ւ «Գամբաշիձեն»: Դա այն ձեւաչափն է, որտեղ հիմնականում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային խնդիրները, առանձին հումանիտար թեմաներ»,-ասել է Աբաշիձեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Գրիգորի Կարասինին պետքարտուղարի-ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնում նշանակել է Եվգենի Իվանովին, որը 2017 թվականից զբաղեցնում էր ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Աբաշիձեն վերջին անգամ Պրահայում Կարասինի հետ հանդիպել է հունիսի 13-ին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո երկու պետությունների հարաբերություններում կան մի շարք չլուծված հարցեր: Դրանցից առաջնահերթը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն է եւ Վրաստանի համար այցագրային ռեժիմի չեղարկումը, որը սահմանվել է 2000 թվականին: Աբաշիձե-Կարասին բանակցությունների ձեւաչափն ստեղծվել է 2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կոալիցիայի իշխանության գալուց հետո: