«Եթե Սիրիայի հյուսիսում թուրք-ամերիկյան համագործակցությունը չտա արդյունք, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում Թուրքիայի ծրագիրը պատրաստ է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն «Համատեղ գործողությունների կենտրոն» են ձևավորել, որն էլ անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներ է իրականացնում: Չավուշօղլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն այս գործընթացը շեղելու փորձեր է անում և եթե իրենց համագործակցությունն արդյունք չտա, ապա Թուրքիան մուտք կգործի այդ տարածք: Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ այդ շրջաններ մտնելու համար Թուրքիայի ծրագիրը պատրաստ է:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Մանբիչում, որտեղից ԱՄՆ-ն պետք է դուրս բերեր Սիրիայի քրդական ուժերին, Վաշինգտոնը չի կատարել Անկարային տված խոստումը, հետևաբար Թուրքիան չի ցանկանում անվտանգության գոտու հարցում կրկնել Մանբիչի պատմությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ԱՄՆ-ին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի ավարտը՝ նշելով, որ եթե մինչև այդ թուրք զինվորների մասնակցությամբ անվտանգության գոտին ձևավորված չլինի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը: