Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար կհատկացվի 3 մլն դրամ
Երևան քաղաքի ավագանին սեպտեմբերի 10-ին գումարել էր իր հերթական նիստը:
Ի թիվս օրակարգում ընդգրկված 12 հարցերի՝ նիստի ժամանակ քննարկվեց նաև Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը:
Զեկուցողը փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էր. «Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019թ. բյուջեում և Երևան քաղաքի 2019 թ. բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով, որից 3.630.000 դրամը ուղղել ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ 3.281.000 դրամը՝ «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»:
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, սակայն, նշեց, որ սկզբունքորեն դեմ է այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն։
«Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Գրիգոր Հասրաթյանն է, բայց էլի չէի ուզի հիմա դրվի այդ արձանը, որովհետև կարծում եմ, որ այսօր ի վիճակի չենք համապատասխան որակի արձան ստեղծել»,- իր ելույթում ասաց նա՝ հավելելով, որ կողմ է քննարկվող հարցի մի մասին միայն, որն առնչվում է զինծառայողներին:
Զարուհի Դիլանյան