Բաժիններ՝

«Մալուխները տեղափոխում են». Ալավերդու ավագանու անդամը՝ միջպետական ճանապարհի մասին

«Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6)՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում աշխատանքները սկսել են սեպտեմբերի 9-ից, տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխները»,- 168.am-ի հետ զրույցում հաղորդեց Ալավերդու ավագանու անդամ Ալիկ Նասիբյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս պահին կատարվում են ճանապարհի սպասարկման և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ԱրմենՏել» ՓԲԸ) օպտիկամանրաթելային մալուխների տեղափոխման աշխատանքներ, իսկ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։
Ավագանու անդամը հայտնեց նաև, որ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին, տեղի է ունեցել քննարկում՝ ճանապարհահատվածի հիմնանորոգման տեմպերն արագացնելու հարցով:

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Իսկ Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտվել է 2018թ. դեկտեմբերին։

Հավելենք, որ դեռևս մայիսին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի՝ Ալավերդի կատարած այցի ժամանակ «Էյ Էյ Բի» ՍՊԸ պատասխանատուները խոստացել էին, որ քաղաքի բնակելի հատվածում ճանապարհաշինական աշխատանքներն ավարտված կլինեն սեպտեմբերին:
Նշենք, որ սեպտեմբերի 3-ի առավոտյան ալավերդցիները քաղաքի հատվածում փակել էին Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում էին անընդհատ ձգձգվող շինարարական աշխատանքներից:

«Պատճառն այն է, որ խոստացել էին մեր ճանապարհը մինչև սեպտեմբեր վերանորոգել, բայց ոչ մի աշխատանք չի կատարվել, ճանապարհը նույն ձևի անմխիթար մնացել է: Մեքենաները ջարդվում են, վարորդները բողոքում են, ժողովուրդն էլ թոզի մեջ խեղդվում է: Աշխատողներին տուն են ուղարկել, տեխնիկա չկա, ոչ մի գործ չի արվում: Խոսքը Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) ճանապարհահատվածի մասին է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Ալավերդու ավագանու անդամ Ալիկ Նասիբյանը:

Այդ օրը բնակիչներին հանդիպեց ճանապարհի շինարարությունն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ ներկայացուցիչ Ալիշան Կարա-Սարգսյանը: Նա հայտնեց, որ ի հայտ են եկել որոշ հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ՝ ջրագծեր, կոյուղագծեր, հեռահաղորդակցման մալուխներ:

«Մենք կսկսենք գործ անել, բայց շաբաթը մեկ կնստենք ու կասենք, թե ուր հասանք, ու ինչն է խոչընդոտում: Աշխատանքները հերթով պետք է սկսենք, միանգամից ինձ մի «խեղդեք», ասեք, թե ոնց անենք ամբողջ գործը»,- նշեց AAB ընկերության ներկայացուցիչ Ալիշան Կարա-Սարգսյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30