Վրաստանի նախագահը հեռացրել է իր մամուլի խոսնակին
Խաթիա Մոյիսցրապիշվիլին այլեւս չի զբաղեցնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Առաջին ալիքը՝ վկայակոչելով նախագահի՝ ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով խորհրդական Իրինա Շենգելիային։
«Խաթիա Մոյիսցրապիշվիլին այլեւս մամուլի խոսնակը չէ, բայց նա աշխատում է վարչակազմում: Դա տեղի է ունեցել նախագահի որոշմամբ, բայց Մոյիսցրապիշվիլին շարունակում է աշատել հաղորդակցությունների դեպարտամենտում: Եթե որեւէ նոր բան հայտնի դառնա, դուք այդ մասին կիմանաք»,-ասել է Շենգենիան:
Թե ինչն է դարձել այդ որոշման պատճառը, Շենգելիան չի նշել: Նա նաեւ չի ասել, թե ով կդառնա նախագահի մամուլի նոր խոսնակը:
Մոյիսցրապիշվիլին Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակն էր դարձել 2019 թվականի հունվարին: Ավելի վաղ նա ղեկավարում էր Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության՝ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը եւ միաժամանակ գերատեսչության մամուլի խոսնակն էր, հաղորդել է Sputnik-ը:



