«Խմբակցությունում ոչ մեկը ոչ մի բանով անհանգստացած չէ». Ալեն Սիմոնյան
«Խմբակցության հետ քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, և ներկայացվել է առկա իրավիճակը: Եզրահանգում չկա, որ եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Ամուլսարի հարցը կառավարության տիրույթում է, որոշումը պետք է կառավարությունը կայացնի. «Հանրության մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր դեմ են, և կան մարդիկ, ովքեր կողմ են: Այս քննարկումները նրա համար են, որ մեր կողմ և դեմ գործընկերներին լսենք և ճիշտ որոշում կայացնենք ՀՀ-ի համար: Չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի, և չի բացառվում, որ հանքը սկսի շահագործվել»:
Հարցին՝ դա որքա՞ն պետք է ձգձգվի, նա պատասխանեց. «Այնքան, մինչև վստահ լինենք»:
Նա նաև նշեց, որ Ամուլսարի հարցի հետ կապված՝ որևէ հին կամ նոր պաշտոնանկության վերաբերյալ քննարկման ներկա չի եղել, որովհետև ըստ նրա՝ նման քննարկում չի եղել:
«Քննարկումը եղել է բացառապես Ամուլսարի մասին»,- եզրափակեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Լիլիթ Մակունցն ասել, թե հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի խնդրին էլ անդրադառնան խմբակցության նիստում, արդյո՞ք դա չի նշանակում, որ խմբակցությունում անհանգստացած են:
«Խմբակցությունում ոչ մեկը ոչ մի բանով անհանգստացած չէ, մենք անհանգստացած ենք միայն մեր գործով: Որևէ անհանգստանալու բան իմ գործընկերների մոտ չեմ նկատել այդ հարցի շուրջ: Իրավաբանական պրոցես է տեղի ունենում, և վստահ եմ, որ այդ իրավական պրոցեսն ունենալու է իր տրամաբանական ավարտը»,- պարզաբանեց նա:
Հարցին էլ, թե խմբակցությունն անհանգստացած չէ՞, որ վարչապետը հանդիպում է մի ուժի հետ, որն ասում էր, թե այս խորհրդարանը կես տարվա կյանք է ունենալու, նա պատասխանեց՝ ոչ: