«Այդ բամբասանքները մեկնաբանելու կարիք չկա». Մնացականյանը՝ ՌԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջի լուրերի մասին

«Հայ-ռուսական հարաբերությունները բավականին ամուր հիմքի վրա են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ՀՀ-ում փախստականի կարգավիճակ շնորհելու որոշմանը, որը համընկավ հայ որոշ նախկին պաշտոնյաների ՌԴ-ից ՀՀ չհանձնելու որոշման հետ:

Նախարարն ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և այստեղ որևէ տարաձայնություն չունենք, ունենք իրավական, ինչպես նաև դատական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակում կարող ենք պահպանել և առաջ տանել այն օրակարգը, որը հիմքն  է մեր դաշնակցային հարաբերությունների:

«Որևէ կերպ փոխկապակցվածություն նման հարցերի գոյություն չունի»,- ասաց նախարարը:

Հարցին՝ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելի ՀՀ և որոշի տեսակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպե՞ս կանդրադառնա դա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նախարար Մնացականյանը պատասխանեց, որ, «եթե» կոնտեքստն իրեն չի հրապուրում:

«Մենք պատրաստվում ենք գագաթաժողովին, հավաքական կերպով, վստահ եմ, որ արդյունավետ և լավ գագաթաժողով ենք անցկացնելու: Հայ-ռուսական միջպետական հարաբերություններում ունենք հստակ ձևավորված օրակարգ, և երկու կողմերի հստակ ցանկությունն է՝  խորացնել համագործակցությունը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ռուսական կողմը պայման է դրել հայկական կողմի առջև՝ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին, նախարար Մնացականյանն ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չկա. «Այդ բամբասանքները, պայման դնել և այլն, և այլն»:

«Խնդրում եմ ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքին կամ ներքին իրավական դատական հարցերին»,- հավելեց Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս