«Նիկոլ Փաշինյանը որոշել է գործարկել Ամուլսարի հանքը. նա «սորոսականներից» և «Սասնա ծռերից» երաշխիքներ է ստացել, որ աղմուկ չեն բարձրացնի». Նարեկ Մալյան

«Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի», ինչպես նաև «սորոսականների» միջև կայացած հանդիպման օրակարգում եղել է ընդամենը մեկ հարց՝ դա Ամուլսարի հանքի հարցն է: Նիկոլ Փաշինյանը որոշել է գործարկել Ամուլսարի հանքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ հիշեցնելով, որ իր ղեկավարած «ՎԵՏՕ» շարժումը շուրջ 10 օր առաջ զգուշացրել էր, որ նշված ուժերը պատրաստվում են գործարքի գնալ իշխանության հետ:

«Մենք զգուշացրել էինք, որ «սորոսականներն» ու «Սանսա ծռերը» պատրաստվում են առևտրի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ամուլսարի հանքի հետ կապված: Նրանք նախկինում դրսևորում էին ագրեսիվ վարք՝ Ջերմուկի և հարակից տարածքներում տեղի ունեցող ցույցերի ընթացքում, դրա արդյունքում բուն ջերմուկցիների ձեռքից վերցրեցին Ամուլսարի համար պայքարի էստաֆետը և դա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում փորձել են վերածել իրենց համար որոշակի դիվիդենտների: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է «սորոսականներից» և «սորոսի ծռերից» ինչ-ինչ խոստումների դիմաց երաշխիքներ ստանալ, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում աղմուկ չեն բարձրացնի: Արդյունքում նրանք համատեղ ուժերով մոլորեցնում են իսկական բնապահպաններին, ջերմուկցիներին՝ նրանց պայքարը տանելով մարելու ճանապարհով»,- ասաց Մալյանը:

Նարեկ Մալյանի համոզմամբ՝ շուտով ականատես կլինենք չակերտավոր բնապահպանների կողմից օրակարգի փոփոխության:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել շահագործել Ամուլսարը, եթե կան մարդիկ, որոնք իսկապես անհանգստացած են հանքի շահագործման հեռանկարով, կարող են այս հանգամանքը նկատի ունել»,- եզրափակեց նա:

ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս