«Մեր երկրի դեմքն է երևում նրանից, թե մենք ում ենք տալիս քաղաքական ապաստան». Ռուբեն Բաբայանը՝ Շիշկինին քաղապաստան տրամադրելու մասին
Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ. «Շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ որպես Ռուսաստանում քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող քաղաքական գործչի, փախստականի կարգավիճակ տրամադրելու համար»:
Լուրը ճշտելու համար 168.am-ը կապ էր հաստատել Միգրացիայի պետական ծառայության մամուլի բաժին: Ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում ասել է, որ լիազորված չէ լուրը հաստատել կամ ժխտել: Պարզապես նշեցին, որ, առհասարակ, քաղաքական ապաստանը Հայաստանում երբևիցե չի կիրառվել.
«Օրենքն ունենք, բայց առիթը չի եղել կիրառելու»:
Շիշկինն ինքն իր մասին գրում է, որ իրեն ռուս նացիոնալ-սոցիալիստ է հայտարարել: Նա հայտնի է իր հայատյաց հայտարարություններով, ավելին՝ կազմակերպել է բողոքի ցույցեր Արզամասում, որտեղ 15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, նրանցից խլեցին տներ, բիզնեսներ:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետք էր նման գործչին փախստականի կարգավիճակ տալ Հայաստանում:
Ի պատասխան՝ Ռուբեն Բաբայանն ասաց. «Եթե մենք իսկապես ազատ, ժողովրդավար երկիր ենք, և մարդու իրավունքները մեզ համար կարևոր են, նման պարագայում պետք է շատ լուրջ ուսումնասիրել. ոչ թե հաշվի առնել որևէ քաղաքական նպատակահարմարություն, այլ, եթե այդ մարդը ժողովրդավար է և իր երկրում ենթարկվում է հալածանքների, այդ ժամանակ, իհարկե, պետք է տալ:
Իսկ եթե նա նացիոնալ-սոցիալիստ է, չի կարող ժողովրդավարական երկրում ստանալ քաղաքական ապաստան: Նաև մեր երկրի դեմքն է երևում նրանից, թե մենք ում ենք տալիս քաղաքական ապաստան: Նույն Ռուսաստանում կան բազմաթիվ արժանի մարդիկ՝ Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար, որոնք նացիոնալ-սոցիալիստ չեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում