«Եթե ՍԴ-ն բավարարի մեր միջնորդությունները, ապա Քոչարյանը պետք է ազատ արձակվի». Հայկ Ալումյան
Սահմանադրական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Նիստից մոտավորապես երկու ժամ անց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտի, թե ՍԴ դատավորներն ինչ որոշում են կայացրել, քանի որ նրանք դեռևս խորհրդակցությունների սենյակում են։
«Սահմանադրական դատարանը քննում է պարոն Քոչարյանի դեմ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը։ Եթե այս օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին, եթե ճանաչվի հակասահմանադրական, ապա դրանից հետո պետք է կատարվի այլ գործողություններ։ Եթե մեր բոլոր փաստարկները ՍԴ-ն քննի և դրանք հաշվի առնի՝ բավարարելով մեր միջնորդությունները, ապա դրանից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, և նրա նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը»,- շեշտեց նա։
Նշենք, որ մինչ ՍԴ-ում ընթանում է դիմումների քննությունը, շենքի մոտ հավաքվել են Ռ. Քոչարյանի աջակիցները՝ արդար քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև՝ աջակիցների ընդդիմախոսները։
Զվարթ Խաչատրյան