Իրանը միջուկային գործարքով իր հանձնառությունների կրճատման մասին կարող է հայտարարել սեպտեմբերի 5-ին
Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունքներ չտան: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում):
«Եթե մինչեւ սեպտեմբերի 5-ը (միջուկային գործարքի եվրոպացի մասնակիցների հետ) բանակցություններն արդյունք չտան, ապա մենք կհայտարարենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին»,-Ռոուհանիի խոսքը մեջբերված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Նա հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»: Նախագահը նշել է, որ այսօր քննարկման հիմնական թեման իրանական ածխաջրածինների արտահանման հարցն է:
«Եթե մյուս երկրները կկարողանան մեր նավթը գնել կանխիկ գումարով կամ վարկով, ապա դա կպարզեցնի իրադրությունը, եւ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել (ԳՀՀԾ-ով նախատեսված) պարտավորությունները կատարելու համար»,-ասել է նա:
Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: